Բաժիններ՝

Ի՞նչ կշահեր Հայաստանը մրցակության ոլորտում, եթե գնար դեպի Եվրոպա

Հարցազրույց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հետ

– Պարոն Շաբոյան, Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցությունն ի՞նչ կփոխի մեր երկրի մրցակցային միջավայրում:

– Մենք բավականին վերջերս հրավեր ստացանք ՌԴ հակամենաշնորհային ծառայության կողմից, հանդիպում ունեցանք մեր ռուս գործընկերների հետ, մասնավորապես՝ սպասվող փոփոխությունների և օրենսդրության ներդաշնակեցման հարցերը քննարկելու նպատակով: Մեր ռուս գործընկերները մանրամասնորեն ուսումնասիրել են մեր մրցակցային օրենսդրությունը, համեմատություններ են իրականացրել ռուսական օրենսդրության հետ և Մաքսային միության օրինակելի, տիպային օրենսդրության հետ:

Մենք վերջին ժամանակներս եվրոպական փորձագետների աջակցությամբ մի քանի արմատական փոփոխություններ իրականացրինք ՀՀ օրենսդրության մեջ՝ հնարավորինս ներդաշնակեցնելով եվրոպական օրենսդրության հետ: Ռուսական օրենսդրությունն էլ եվրոպականի հետ մեծ չափով համահունչ է, և ընդհանրությունները շատ են: Այդ տեսանկյունից, ռուս գործընկերների գնահատականներով, մեր օրենսդրության մեջ շատ փոփոխություններ չեն նախատեսվում:

Կարդացեք նաև

– Այսինքն, եվրոպացիների հետ կատարված աշխատանքը, ժողովրդական լեզվով ասած, ջուրը չի՞ ընկնի:

– Ոչ, իհարկե, ոչ: Այն հիմնական սկզբունքները, մոտեցումները` հասկացությունների, ուղղությունների վերաբերյալ, ամբողջությամբ պահպանվելու են, քանի որ ՄՄ տիպային օրենսդրությունը շատ նման է եվրոպական օրենսդրությանը:

– Տեսակետ կա, որ պետական գնումների հետ կապված ՀՀ տնտեսվարողները կարող են տուժել, քանի որ ռուսական կամ մյուս երկրների ընկերություններն ավելի ցածր գնային առաջարկներ կարող են ներկայացնել: Դա հնարավոր համարո՞ւմ եք:

– Այդ հարցը նույնպես ներառված է ընդհանուր օրակարգում: Պետական գնումների առումով քննարկվում է, թե ՄՄ ներքո ընթացակարգերն ինչպիսին կլինեն: Դա այս պահին հստակ չէ, մենք դեռ աշխատանք ունենք անելու:

– Այսինքն, կարող է օտարերկրյա ընկերությունները չկարողանա՞ն մասնակցել մյուս երկրի պետգնումների մրցույթներին, թե՞ հատուկ պայմաններ կսահմանվեն նրանց համար:

– Չեմ կարող ասել, հարցը ներառված է օրակարգում, և դեռևս հստակ չէ, թե ինչպես է տեղի ունենալու պետական գնումների գործընթացը ՄՄ-ի ներքո:

– Մեր շուկայում գերիշխող դիրք ունեցողները քիչ չեն: Հնարավո՞ր է, որ ՄՄ-ին միանալուց հետո անդամ-երկրների ընկերությունները ներկրումներ իրականացնեն ՀՀ, և գերիշխող դիրք ունեցողները զրկվեն դրանից, մասնավորապես, «Ալեքս Գրիգը» կորցնի իր մենաշնորհային դիրքը մի շարք շուկաներում:

– ՄՄ-ի ներքո, իհարկե, հնարավոր է` շուկայում նոր մասնակիցներ հայտնվեն, որոնք մեր երկրում գործունեություն իրականացնեն: Ամեն դեպքում, ուզում եմ կրկնել, որ գերիշխող դիրքը մեր օրենքով չի սահմանափակվում, և ամենակարևորը գերիշխող դիրքի չարաշահումներ թույլ չտալն է:

Ընդ որում` ՄՄ-ի ներքո շատ ավելի խիստ մոտեցումներ են լինելու գերիշխող դիրքի չարաշահումների գծով, որովհետև, եթե լինեն անդրազգային դեպքեր, նկատի ունեմ` նաև մեր շուկայում մասնակցեն արտասահմանյան ընկերություններ, մեր ընկերությունները ՄՄ անդամ մյուս երկրներում գործունեություն իրականացնեն, ապա ոչ միայն մրցակցության մարմիններն են հետևելու այդ գործընթացներին, այլև ՄՄ-ի ներքո վերադաս մարմին՝ Մրցակցության հարցերով հանձնաժողով է ստեղծվելու, որը նույնպես պետք է իր ուշադրության տակ պահի նման դեպքերը, հատկապես այն դեպքերը, որոնք վերաբերում են 2 երկրների միջև մրցակցության խնդիրներին: Կարծում եմ` ՄՄ-ի ներքո շատ ավելի խիստ մոտեցում է դրսևորվելու նման դեպքերի նկատմամբ:

– Ի՞նչ եք կարծում, ՄՄ-ի ներքո իրավախախտ տնտեսվարողների պատասխանատվության միջոցներն ավելի՞ խիստ կլինեն:

– Պատասխանատվության միջոցներ մեր կողմից էլ կսահմանվեն, ընդհանուր հանձնաժողովի կողմից էլ: Բայց ՄՄ մրցակցության տիպային օրենսդրությունը, որ այսօր առաջարկվում է, և որի հետ համեմատություններ են իրականացվում, տուգանքների, ուղղությունների մասով հիմնականում համահունչ է մեր օրենսդրությանը: Չեմ կարծում, թե այդ առումով ինչ-որ էական փոփոխություններ կլինեն, հատկապես պատասխանատվության միջոցների մասով:

– Ավելի հեռանկարային կտրվածքով դիտարկելիս` ՀՀ-ն ի՞նչ կշահեր մրցակցության ոլորտում, եթե գնար դեպի Եվրոպա, այլ ոչ թե միանար ՄՄ-ին:

– Ես չեմ ուզում հիմա համեմատություն անցկացնել, պարզապես ասեմ, որ ՀՀ ապրանքաշրջանառությունը բավականին մեծ ծավալներ ունի ՄՄ երկրների հետ, հատկապես` ՌԴ-ի հետ մենք ներկրման և արտահանման մեծ ծավալներ ունենք, և ՄՄ-ի ներքո, բնականաբար, առևտրային պայմանները կհեշտացվեն, կդյուրինացվեն, և դա միանշանակ կնպաստի առևտրաշրջանառության ծավալների էական ավելացմանը ՄՄ երկրների, հատկապես` ՌԴ-ի հետ: Իսկ շուկայում նոր մասնակիցների հայտնվելու արդյունքում մրցակցությունը կուժեղանա:

– 3 տարի առաջ փոփոխություններ կատարվեցին «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում, և այժմ կրկին օրենսդրական փոփոխություններ են մշակվել: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս փոփոխություններից:

– Նոր օրենսդրական փոփոխություններն արդեն ստացել են կառավարության դրական գնահատականը և ուղարկվել Ազգային ժողով, սպասում ենք ԱԺ-ում քննարկումների կազմակերպմանը: Փոփոխությունների հիմնական ուղղություններն այն են, որ մեթոդաբանական մի քանի խնդիրներ ենք լուծում, հատկապես պատասխանատվության միջոցների, մեր վերահսկողական կարողությունների մասով, դա փորձում ենք համահարթեցնել եվրոպական մոտեցումների հետ:

Մի քանի մեթոդաբանական խնդիրներ կան տուգանքների որոշման հետ կապված, օրինակ, մենք հիմա բացարձակ մեծություններով ենք տուգանքներ որոշում, բայց համաձայն միջազգային, եվրոպական օրենսդրությունների, դա որոշվում է` ըստ հասույթների, ըստ շրջանառության ծավալների, որն ավելի արդար է: Ճիշտ է` մենք էլ ենք հաշվի առնում շրջանառության ծավալները և մի շարք չափանիշներ: Մի քանի հասկացություններ են հստակեցվել, որոնք վերաբերում են գերիշխող դիրքի չարաշահումներին, հակամրցակցային համաձայնություններին:

Ներդրվում է պատժամիջոցների մեղմման ծրագիրը, որը նշանակում է, որ այն տնտեսվարողները, որ կիմանան հակամրցակցային համաձայնությունների մասին, կամ ինչ-որ չափով ներգրավված կլինեն, կգան ու առաջինը կհայտնեն դրանց մասին, նրանց նկատմամբ պատասխանատվության միջոցները կմեղմվեն: Սա ևս նոր գործիք է, որ կարողանանք ավելի արդյունավետ պայքարել հակամրցակցային համաձայնությունների դեմ:

– Իսկ այդ հայտնողի անունը գաղտնի կպահվի՞, թե՞ ոչ:

– Ընթացակարգային առումով դա դեռևս քննարկման փուլում է, բայց օրենքով նախատեսվում է, որ նրանց նկատմամբ ավելի մեղմ պատասխանատվության միջոցներ կկիրառվեն: Ամեն դեպքում, ինչպիսին միջազգային փորձն է, մենք այնպես էլ կվարվենք:

– Օրենսդրական նախորդ փոփոխությունների ժամանակ մերժվեց հանձնաժողովին ստուգումներ իրականացնելու լիազորություն տրամադրելու հնարավորությունը: Այսօր այդ հարցն օրակարգո՞ւմ է:

– Ոչ, չկա օրակարգում: Ամեն դեպքում, այս օրենսդրական նախագծով նախատեսված չէ: Մենք այս օրենսդրական փոփոխություններն իրականացրել ենք մեր միջազգային փորձագետների աջակցությամբ, իսկ նրանց կարծիքն այնպիսին է, որ բոլոր մրցակցային մարմինները պետք է ունենան ստուգումների իրավասություն, և դա շատ կարևոր գործիք է հանդիսանում մարմինների համար: Ես կարծում եմ` մենք առայժմ կուժեղացնենք պետական մյուս մարմինների, հատկապես` Պետական եկամուտների կոմիտեի հետ մեր համագործակցությունը, որպեսզի կարողանանք մեզ անհրաժեշտ տեղեկությունները ձեռք բերել:

– Անցած ժամանակաշրջանի փորձն ի՞նչ է ցույց տվել` արդյունավե՞տ է, որ ՊԵԿ-ն է ստուգում իրականացնում ու ՏՄՊՊՀ-ին միայն տեղեկություն է տրամադրում:

– Նախկինում ստուգումների համար մենք չենք դիմել ՊԵԿ-ին, բայց երևի սրանից հետո ավելի հաճախակի կդիմենք` ստուգումների անհրաժեշտության առաջացման դեպքում: Եվ ժամանակի ընթացքում կերևա դրա արդյունավետությունը:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս