Արմեն Մարտիրոսյանը` Աղվան Վարդանյանին. «Եթե պարոն Վարդանյանը չի հասկանում, այդպես էլ թող մնա»

Այսօր հրավիրված մամլո ասուլիսում Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը, անդրադառնալով ապրիլի 19-ին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերով Անի հյուրանոցում կայանալիք միջոցառմանը, նշեց, թե Դաշնակցության համար դեռևս հստակ չէ, թե ի՞նչ է նախատեսվում անել Անի հյուրանոցում և ավելացրեց, որ Դաշնակցությանը պաշտոնական հրավեր չի եղել` մասնակցելու դրան:

168.am-ի հետ զրույցում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այս առնչությամբ ասաց, թե Րաֆֆի Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, քաղաքական ուժերին, այդ թվում` Դաշնակցությանը հրապարակայնորեն հրավիրել է մասնակցելու տվյալ միջոցառմանը:

Իսկ թե ի՞նչ է տեղի ունենալու Անի հյուրանոցում, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Քննարկում է տեղի ունենալու, թե հետագայում ինչպես պետք է կազմակերպել շարժումը: Սա է, եթե իրենք կցանկանան, կմասնակցեն, եթե ոչ՝ իրենց որոշելիքն է»:

«Ժառանգության» փոխնախագահը ավելին չմանրամասնեց` նշելով, որ կլինեն տարբեր առաջարկներ, և այդ օրը պարզ կլինի: Միաժամանակ ընդգծեց, որ միջոցառումը կապ չունի առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների հետ, որին մասնակցում են և´ «Ժառանգությունը», և´ Դաշնակցությունը:

Կարդացեք նաև

Ասուլիսում Աղվան Վարդանյանը խոսել էր նաև ընդդիմադիր շարժման և Րաֆֆի Հովհաննիսյանի դերի մասին` նշելով. «Մենք բացառիկ կարևորում ենք այս շարժումը, բացառիկ կարևորում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի անձի դերակատարությունը այդ շարժման մեջ, բայց կան բաներ, որ մենք չենք հասկանում. մենք չենք հասկանում մի օրով Մոսկվա գնալը և «հայ ժողովրդի հաղթանակը» Մոսկվայից բերելը, մենք չենք հասկանում ամսի 9-ի Ոստիկանապետի հետ մոմավառությունը, մենք չենք հասկանում, օրինակ, ամսի 9-ին Հիսուսի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելը: Որքան մենք գիտենք, Հիսուսը հարություն է առել»:

Սրան արձագանքելով` Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Եթե պարոն Վարդանյանը չի հասկանում, այդպես էլ թող մնա: Ի՞նչ պարտադիր է, որ Մոսկվա գնալու հետ կապված ինչ-որ բան հասկանա, երբ ինքը շատ պարզ ասաց, որ գնալու է` հանդիպի Մոսկվայում և հանդիպումներ է ունեցել: Դրա ի՞նչը պետք է հասկանալ կամ չհասկանալ: Հանդիպումներ են եղել»:

Իսկ հարցին, թե ո՞ւմ հետ է Մոսկվայում հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն անհրաժեշտություն գտնի պարզաբանելու՝ հրապարակային կասի այդ մասին:

Տեսանյութեր

Լրահոս