Բաժիններ՝

Գիտության մեջ համառ աշխատանքն օդ ու ջրի պես անհրաժեշտ է

Հայաստանյան գիտական կազմակերպություններից շատ քչերում է այսօր բուռն աշխատանքային եռուզեռ  տիրում: «Գիտության մեջ արդյունքի հասնելու համար աշխատասիրությունն ու համառությունը օդ ու ջրի պես անհրաժեշտ են: Ես ունեմ ասպիրանտներ, որոնք անգամ պատրաստ են ընդամենը 2 ժամ քնել ու անընդհատ աշխատել՝ արդյունքի ու հաջողության հասնելու համար»,- այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը:

Նաիրա Հովակիմյանը մաթեմատիկոս է: Ծնվել և մեծացել է Երևանում: Գերազանց ավարտելով Երևանի թիվ 139 դպրոցը, 1983թ. ընդունվել է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը: 1988-1992թթ. սովորել է և պաշտպանել է դոկտորական աշխատանքը Մոսկվայի Կելդիշի անվան Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտում: 1994թ.  կրթաթոշակ է ստացել և մեկնել Գերմանիա: Այնուհետև աշխատել է Ֆրանսիայում, ապա  հրավիրվել է ԱՄՆ, որտեղ և ապրում է մինչ օրս: Նաիրա Հովակիմյանն աշխատում է կառավարման և նավիգացիոն համակարգերի  բնագավառում, որոնք լայն կիրառություն են գտել ավիացիայում, նավթարդյունահանման մեջ, անեսթեզիոլոգիայում, և այլ ավտոնոմ համակարգերի ղեկավարման մեջ:  Նրա ստեղծած համակարգը լայն կիրառում է գտել ամբողջ աշխարհում: Նաիրա Հովակիմյանը 23 գիտնականներից կազմված խումբ է ղեկավարում, որը մեթոդ է մշակել և փորձարկել Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության (ՆԱՍԱ) (National Aeronautics and Space Administration՝ NASA) մոդելային ինքնաթիռի վրա, ապացուցելով, որ թռիչքի հետագիծը կարելի է ընդլայնել զանազան խափանումների դեպքում՝ առանց կայունությունը կորցնելու:

Նաիրա Հովակիմյանն ասում է՝ կցանկանար, որ իր կյանքում գոնե մեկ անգամ ինչ-որ բան հեշտությամբ ստացվեր, սակայն նման բան չի եղել: «Իմ կյանքում երբեք չեմ ունեցել շահած թղթախաղ, ամեն ինչին հասել եմ դաժան աշխատանքի, համառության, անքուն գիշերների ու մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ն. Հովակիմյանը՝ նշելով, որ շատ լավ հասկանում է այն բոլոր դժվարությունները, որոնց մասին խոսում են հայաստանյան գիտնականները: Ինքն էլ Հայաստանում բազմաթիվ դժվարություններ է տեսել:

«Մութ ու ցուրտ տարիներին, երբ լույս չկար, ինտերնետ չկար, համակարգիչ չունեինք, այդ ժամանակ ես անընդհատ վազում էի տարբեր համալսարաններ՝ ԵՊՀ-ից՝ Պոլիտեխնիկ, հետո՝ Գյուղինստիտուտ և հակառակը՝ գոնե կես ժամ լույս գտնելու, էլ. փոստ ստուգելու, դրսի գիտական նորություններին տեղեկանալու համար: Շատերն այդ ժամանակ ինձ ասում էին,  որ անհույս փնտրում եմ, իսկ ես շարունակում էի համառորեն աշխատել ցուրտ սենյակում, մոմի լույսի տակ՝ վերարկուով, գլխարկով ու ձեռնոցներով, անքուն գիշերներ էի անցկացնում կարդալու, կատարելագործվելու, ստեղծագործելու համար»,- հիշում է Ն. Հովակիմյանը՝ նշելով, որ այն ժամանակ այսօրվա հնարավորությունները չկային, մինչդեռ այսօր աշխարհը բաց է, իսկ հնարավորություններ կարելի է գտնել ամենուր, պարզապես դրա համար պետք է համառորեն աշխատել, ձգտել և հավատալ:

Կարդացեք նաև

«Ներկայումս Հայաստանում ոմանք դեռ աշխատում են այն խնդիրների վրա, որոնք ես տեսել եմ 20-30 տարի առաջ, մինչդեռ աշխարհում գիտական ռելիեֆը խիստ փոխվել է: Այսօր գրեթե անհնար է աշխատել ավանդական գիտություններում և ուշադրության արժանանալ կամ վարձատրվել:  Այսօրվա բոլոր գիտական աշխատանքներն ԱՄՆ-ում իրենց էությամբ և դրվածքով միջառարկայական հետազոտությունների բնույթ են կրում: Խիստ անհրաժեշտ է դառնում զուգակցել գիտելիքները՝ կենսաբանությունից, սոցիոլոգիայից, մաթեմատիկայից, ճարտարագիտական խնդիրների մեջ: Ահա այսպիսին են դրսի գիտնականի առջև դրված պահանջները: Ցանկացած նախաձեռնություն պետք է բազմակողմանի արդարացվի և բացատրվի: Օրինակ, ինչո՞ւ ենք խնդիրն այսպես ձևակերպում, ո՞ւմ է այդ լուծումը անհրաժեշտ, լուծման որակական հատկություններն ինչպիսի՞ն են, ինչպե՞ս է քո մեթոդը համեմատվում այլ մեթոդների հետ, և այլն: Դու պետք է պատասխանատվություն կրես այս ամբողջ ճանապարհն անցնելու համար՝ մինչև կիրառություն, դու այդ ամենից պետք է գլուխ հանես բավականին խորությամբ»,- ասաց Ն. Հովակիմյանը՝ նշելով, որ նույն ՆԱՍԱ-ի համար ինքնաթիռի անվտանգության կառավարման համակարգերի մեթոդը մշակելու համար ինքը և իր խումբը օրերով անքուն գիշերներ են անցկացրել օդաչուների հետ թռիչքի և վայրէջքի ուղիներում՝ արդյունքի հասնելու և իրենց մեթոդը փորձարկելու համար:

Ն. Հովակիմյանի կարծիքով՝ Հայաստանի գիտնականներն այնքան էլ հետաքրքրված չեն արտաքին աշխարհի հետ կապ պահպանելով, մինչդեռ, օրինակ՝ Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և այլ ավելի քիչ զարգացած երկրներում, որտեղ ինքը եղել է աշխատանքային այցերով, գիտնականները գիշեր-ցերեկ չեն քնում, որպեզի նույն Ամերիկային կրկնօրինակեն:

«Կրկնօրինակելը լավ բան չէ, իհարկե, բայց նրանց ձգտումն այնքան շատ է դրսի աշխարհի հետ ստեղծագործական երկխոսություն ունենալու համար, որ կրկնօրինակելով սովորել են և նորովի մտածել, և նոր ձևակերպումներ ապահովել իրենց խնդիրների համար, ու նաև համագործակցել»,- ասաց Ն. Հովակիմյանը՝ նշելով, սակայն, որ դրսի աշխարհի հետ կապ հաստատելու պարագայում կարող են տեսնել և հասկանալ, թե ինչի՞ վրա են դրսի գիտնականներն աշխատում, որևէ խնդրի համար ինչպիսի՞ ձևակերպումներ են տալիս, կամ ինչպե՞ս են լուծում խնդիրը, և կամ ինչո՞ւ են լուծում հենց այդ խնդիրը և ոչ՝ ուրիշ խնդիր:

Հայաստանում երբեմն ասում են, թե մոտիվացիա չկա, և թե մեզանում գիտության վիճակը վատ է, քանի որ ֆինանսավորումը ցածր է:  Ն. Հովակիմյանն այս կապակցությամբ ասաց. «Իհարկե, այդ ամենը՝ մեկը մյուսի հետ կապված է, սակայն, եթե ես էլ Ամերիկայում ուշադրություն չդարձնեմ, թե ի՞նչ խնդիր եմ ձևակերպում կամ ի՞նչ լուծում եմ տալիս, ապա ես ոչ մի դրամաշնորհ չեմ ստանա, իսկ եթե դրամաշնորհ չստանամ, ապա համալսարանն ինձ պարզապես չի պահի: Այսօր, երբ Հայաստանի գիտնականների հետ շփվում եմ, իհարկե, ոչ բոլորը, սակայն ոմանք նույն խնդիրներն են լուծում, ինչ մոտ 20 տարի առաջ էին լուծում՝ փոքր ձևափոխումներով: Մեծ փոփոխություններ  ձևակերպումների մեջ չեմ տեսնում»: Նա ավելացրեց, որ Հայաստանում երբեմն հանդիպում է թեկնածուական այնպիսի դիսերտացիաների, որոնք, օրինակ՝ ԱՄՆ-ում, նույնիսկ կուրսային աշխատանք չեն լինի կամ ընդամենը կուրսային աշխատանքի մակարդակի կմնան, և վերջ: Նման աշխատանքները պարզապես մրցունակ չեն լինում, հետաքրքիր չեն, և անգամ խնդրի ձևակերպումը հետաքրքիր չէ:

«Իհարկե, համաձայն եմ՝  Հայաստանում գիտնականները քիչ աշխատավարձ են ստանում, սակայն, միևնույն է, նրանք չեն գնում այլ աշխատանքի, չեն լքում գիտությունը, հավատարիմ են մնում, ժամանակ են ծախսում և շարունակում են աշխատել, հոդվածներ գրել: Այս պարագայում պարզապես շատ տխուր է, երբ գիտնականն անում է այն, ինչ անում էր, օրինակ, 10, 20 տարի առաջ»,- նշեց Ն. Հովակիմյանը: Ըստ մեր զրուցակցի՝ կյանքն ինքնին ստեղծագործական աշխատանք է, իսկ գիտությունը դիտվում է՝ որպես այդ կյանքի առանցքը: Ստեղծագործական աշխատանքում պետք է անընդհատ կատարելագործվել, կարդալ, աշխատել, շփվել տարբեր գիտնականների հետ՝ թե ազգությամբ հայ, և թե օտարազգի:  «Հայ գիտնականների, գիտության ֆինանսավորման մեջ պետք է կարևորել գիտաժողովներին նրանց մեկնելու ֆոնդերի առկայությունը, որպեսզի հայ գիտնականներն ավելի տեղեկացված լինեն միջազգային նորությունների մասին: Իսկ գիտնականները պետք է փոխարենը՝ ավելի հաշվետու լինեն իրենց կատարած ճանապարհորդություններից հետո՝ ի՞նչ օգուտներ են քաղել այդ ճանապարհորդությունից, ո՞ւմ հետ են կապեր հաստատել և ի՞նչ նոր արդյունքներ կարող են ստանալ ու նոր ուղղություններ զարգացնել: Կարո՞ղ են արդյոք միջազգային ամսագրերում տպագրվել: Կարո՞ղ են արդյոք արտերկրի գիտնականների հետ տպագրվել: Միգուցե նման համակարգի դեպքում փոփոխություններն ավելի արագ տեղի ունենան»,- ասաց Ն. Հովակիմյանը:

Գիտնականի խոսքով՝ ցավոք, Հայաստանում որոշ մարդկանց մոտ մտահորիզոնը լայնացնելու ձգտումը  մեծ չէ, իսկ խնդիրների ձևակերպումները պարզապես մրցունակ չեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս