168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններին, նախ նշեց՝ արդեն մի քանի ամիս խոսվում է, որ ուղիղ բանակցություններ պետք է լինեն, ինչի վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտն իր տեսակետն արդեն հայտնել է։
«Թող վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հստակեցնի և խոստովանի, որ ինքն իրավունք չուներ ստորագրել որևէ փաստաթուղթ, որը վերաբերում է Արցախի Հանրապետությանը: Իր հայտարարությամբ ինքը հաստատում է, որ բացարձակապես անօրինական է և որևէ իրավաբանական հետևանք չի կարող ունենալ այն փաստաթուղթը, որտեղ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձը ստորագրել է, և որում խոսքը ԼՂ Հանրապետության կամ Արցախի Հանրապետության մասին է: Այսինքն՝ ինքն իրեն վերապահում է իրավունք՝ անել անթույլատրելին, իսկ հիմա խորհուրդներո՞վ է հանդես գալիս: Սա ուղղակի կրավորական և նահանջողական և այլ ազգային շահերին ծառայելու խնդիր է: Ուրիշ բան չկա»: