Չկա փաստաթուղթ, որտեղ Արցախը ճանաչվում է որպես ժամանակակից ադրբեջանական հանրապետության մաս. Լարիսա Ալավերդյան
«Փաստն այն է, որ այսօր էլ, երեկ էլ ամբողջ միջազգային հանրությունը ԼՂ-ն ընկալել է՝ որպես Ադրբեջանի մաս, և փաստն այն է, որ մենք գուցե նաև այդքան պրագմատիկ չենք գտնվել, երբ մեզ թվացել է, թե ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերն ուղղակի թղթի վրա գրված տեքստեր են, որոնք մենք կարող ենք նաև չնկատելու տալ: Դա, համենայնդեպս, մի մոտեցում է եղել, որի մասին պետք է մտածենք: Մեր բոլոր գործողությունների հիմքում պետք է լինի լեգիտիմությունը, և մենք այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք: Փաստերի հետ ուղղակի առերեսվենք, այլ բան է, թե մեր հետագա քայլերն այդ փաստերի վրա հիմնվելով՝ ինչպես կկառուցենք»,- Արցախի կարգավիճակի մասին հարցադրմանն ի պատասխան՝ երեկ ասուլիսում նման հայտարարությամբ է հանդես եկել Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am–ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարություններին՝ դրանք որակեց ոչ ռացիոնալ, պրագմատիկ հայտարարություններ, որոնք բխում են իրավիճակից:
Հակադարձելով լեգիտիմության մասին Փաշինյանի դիտարկումներին՝ իրավապաշտպանը նկատեց, որ Արցախի Հանրապետությունը կայացել է ամբողջովին օրինական՝ իր բոլոր քայլերը համապատասխանեցնելով ոչ միայն ներպատական օրենսդրությանը, այլև՝ հետագայում էլ չհասկասելով և համապատասխանեցնելով միջազգային իրավունքին:
«Այսպիսով, լեգիտիմ Արցախի Հանրապետությունը բացարձակապես չպետք է դիտարկվի և չի կարող դիտարկվել և չկա այդպիսի փաստաթուղթ, որտեղ Արցախը ճանաչվում է որպես ժամանակակից ադրբեջանական հանրապետության (այն է` այն հանրապետության, որը ՄԱԿ անդամ-պետություն է դարձել 1992 թվականի մարտի 2-ին) մաս:
Չկա որևէ այլ չճանաչված հանրապետություն, որն այդ աստիճան հետևողական լիներ իր կայացման և զարգացման մեջ՝ ինչպես ԼՂՀ-ն կամ Արցախի Հանրապետությունը»,- պարզաբանեց նա:
Անդրադառնալով՝ Արցախն ինքը պետք է իր հարցերը լուծի փաշինյանական թեզին՝ Լարիսա Ալավերդյանը շեշտեց.
«Թող վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հստակեցնի և խոստովանի, որ ինքն իրավունք չուներ ստորագրել որևէ փաստաթուղթ, որը վերաբերում է Արցախի Հանրապետությանը: Իր հայտարարությամբ ինքը հաստատում է, որ բացարձակապես անօրինական է և որևէ իրավաբանական հետևանք չի կարող ունենալ այն փաստաթուղթը, որտեղ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձը ստորագրել է, և որում խոսքը ԼՂ Հանրապետության կամ Արցախի Հանրապետության մասին է: Այսինքն՝ ինքն իրեն վերապահում է իրավունք՝ անել անթույլատրելին, իսկ հիմա խորհուրդներո՞վ է հանդես գալիս: Սա ուղղակի կրավորական և նահանջողական և այլ ազգային շահերին ծառայելու խնդիր է: Ուրիշ բան չկա»:
Ըստ նրա՝ եթե Հայաստանն այդքան խիզախ և ազնիվ է իր մղումներում, ապա պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որից հետո միայն Լեռնային Ղարաբաղը՝ որպես հավասարազոր սուբյեկտ, կորոշի այլ պետության՝ Ադրբեջանի հետ բանակցությունների ֆորմատը:
Մեր զրուցակիցը համոզված է՝ առանց այդ զրույցների՝ նման հայտարարությունները կոպտորեն խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:
«ՀՀ Սահմանադրությունն անպայման որպես հիմք, որպես նախաբան՝ հիշեցնում է Անկախության հռչակագիրը, իսկ Անկախության հռչակագրով ՀՀ-ն և ԱՀ-ն միասնության ձգտող սուբյեկտներ են:
Երբ խոսում են այն մասին, թե արդյոք պե՞տք է ճանաչել ԼՂ Հանրապետությունը, թե՞ միավորել ՀՀ-ի հետ, պետք է հստակեցնել, որ դրանք նույն գործընթացի երկու քայլերն են (Արցախը չէ, որ առաջարկել է այն ճանապարհը, որով ինքը գնացել է ինքնուրույն կամ անկախ պետություն դառնալով, սակայն կասկած չկա, որ նպատակը մշտապես եղել է միավորվել ՀՀ հետ)»,- մանրամասնեց նա:
Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե ԼՂ հարցում հայկական կողմի խոսույթը և ռազմավարությունները հակասել են:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Այն, որ մենք մեր Անկախության հռչակագրում հղում ենք արել ԼՂԻՄ-ի և ՀՀ-ի վերամիավորման մասին ԳԽ և ԱԽ համատեղ որոշմանը, և դրանից մեկ տարի անց տեղի է ունեցել հանրաքվե՝ ԼՂ անկախության հռչակման մասին, և մենք բանակցել ենք այս տրամաբանությամբ, իսկ 2007թ. մադրիդյան սկզբունքներով մենք ընդունել ենք, որ ԼՂ կարգավիճակը պետք է ճշգրտվի կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով, ինչով մենք փաստորեն հերքել ենք 1991թ. դեկտեմբերի հանրաքվեն ԼՂ-ում, այդ ամենը նաև դրա արտահայտությունն է»:
Լարիսա Ալավերդյանն ասում է. «Նախևառաջ, մենք պետք է հստակեցնենք, որ ՀՀ-ն առաջինը՝ առանց Արցախի է անցկացրել իր հանրաքվեն, և այդ առումով Արցախն արդեն պարտադրված է եղել անել իր հանրաքվեն: Նա մոռանում է, որ հենց ՀՀ Անկախության հանրաքվեն, առանց Արցախի, եղել է կոպիտ խախտում՝ Հայաստանի կողմից իսկ ընդունված 1989 թվականի դեկտեմբերի որոշման:
Եվ հետո՝ այդ կիսագրագետ հայտարարություններն արդեն հոգնեցնում են. եթե միջազգային այդ բանակցային գործընթացներում նշվում է հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին, դա չի նշանակում, թե դրանով մերժվում է եղած հանրաքվեն, այլ առաջարկվում է ևս մեկ հանրաքվե՝ արդեն միջազգային՝ ՄԽ բոլոր անդամների համար ընդունելի մի փաստաթղթով: Չկա այնպիսի մի փաստաթուղթ, որով մերժվում են արդեն անցկացված հանրաքվեի արդյունքները:
Այնպես որ, այդ անփորձ և չգիտակ հայտարարություններն ուղղակի բնութագրում են մեկ բան, թե ինչի համար է եկել այս թիմն իշխանության. ուրիշ ոչինչ»։
Լարիսա Ալավերդյանն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են այն, որ գործող իշխանությունները եկել են հստակ ծրագրով, այն է՝ Արցախը վերաբռնակցել Ադրբեջանին և Հայաստանը դարձնել Թուրքիայի և Ադրբեջանի բուֆերային մի պետություն:շ