Գնահատականի տեսքով հետևանքն Ադրբեջանի համար արդեն քաղաքական հետևանք է. Եղիշե Կիրակոսյան

«ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի վճիռը, և դա գրված է որոշման մեջ, ունի իրավաբանորեն պարտադիր կատարման բնույթ: Ընդունման պահից այն պարտադիր է կողմերի համար: Սա նշանակում է, որ հասցեատեր պետությունը անմիջապես այդ պահից պետք է քայլեր ձեռնարկի այն կատարելու ուղղությամբ»,- այսօր «Արմենպրեսում» մամլո ասուլիսի ժամանակ ասաց Միջազգային իրավական համագործակցության հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ իրավական գործընթացները չպետք է կտրվեն դիվանագիտական աշխատանքից:

«Միջազգային իրավունքում դատարանների որոշումների կատարումները շատ տարբերվում են ներպետական դատարանների կատարման գործընթացից: Ներպետականում շատ պարզ է ամեն ինչ, որովհետև ունես հարկադրանքի մեխանիզմներ, ԴԱՀԿ ծառայություն, իսկ միջազգային իրավունքում, ցավոք, չունենք նման ինստիտուտ, որը զբաղվի մրջազգային դատարանների որոշումների կատարմամբ: Ամբողջ պրոցեսը քաղաքական է, և այն ենթադրում է աշխատանք: Այն մարմինը, որը որոշակի պատասխանատվություն կրում է Արդարադատության դատարանի վճիռների կատարման ապահովման համար, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է, որը իրավասու է միջամտել գործընթացին»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:

ՀՀ միջազգային իրավական համագործակցության ներկայացուցիչը վստահ է՝ միակ միջոցը Ադրբեջանի վրա ճնշումն ավելացնելն է:

Կարդացեք նաև

«Իրավաքաղաքական առումով Դատարանի որոշումը կարևոր է այն առումով, որ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բացի, ևս մեկ փաստաթուղթ կա, որը ձևակերպում է Լաչինի միջանցքով անխափան երթևեկելու՝ Ադրբեջանի պարտավորվածությունը»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանի համար քաղաքական հետևանքներ կարող են լինել, և դրանք հիմա էլ կան, ինչը միգուցե շատ տեսանելի չէ:

«Գնահատականի տեսքով հետևանքն Ադրբեջանի համար արդեն քաղաքական հետևանք է: Եթե կան միջազգային կառույցներ, որոնք խոսում են խնդրի մասին ու գնահատական տալիս, արդեն կարելի է հետևանք համարել: Եթե 4-5-10-15 պետություն սկսում են նույն բանը պնդել, միջազգային կազմակերպությունները սկսում են կոչ անել, ձնագնդու էֆեկտն աշխատում է: Սա է ճանապարհը»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս