«Փաշինյանից նողկում են անգամ իր թիմակիցները. նա դեռ Աստված է կանչելու». Հռիփսիմե Առաքելյան
«Դժոխքի մեկնարկը տրվեց 2018 թվականին, և դա ակնհայտ էր հասկացող, վերլուծող մարդկանց համար: Իհարկե, 2020 թվականի պատերազմից, մեր կորուստներից հետո այս ամենը շատ ավելի անտանելի և անընկալելի է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց հեռուստալրագրող Հռիփսիմե Առաքելյանը:
«Լուսնի արագությամբ տապալվում ենք, բայց հեծանիվ ենք քշում: Տարածաշրջանը եռում է, նոր վերադասավորումների փուլ է մտնում, խառը իրավիճակ է, իսկ մեր երկրում՝ կորուստներ, կորուստներ, և ինչպես մեր նախկին նախագահներից մեկն էր շատ տիպիկ նշել՝ բանակցությունների սեղանի վրա ենք, բայց հեծանիվ ենք քշում, ֆեստիվալներ ենք կազմակերպում»,- նշեց նա:
Հռիփսիմե Առաքելյանի խոսքով՝ «Սրբազան շարժումը» սկզբնական շրջանում համախմբման էներգետիկա ձևավորեց, բերեց հույսի նշույլ. «Դժգոհ են բոլորը, մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե այս իրավիճակից ինչպես պետք է դուրս գանք: «Սրբազան շարժումը» կարող է դեռևս ունենալ հնարավորություն՝ որոշակի հաջողություններ գրանցելու, որովհետև Բագրատ Սրբազանի գործոնը միշտ կարևորել եմ: Նա այն հոգևորական առաջնորդն է դարձել, որը փորձում է այդ սուր անկյունները կլորացնել, մարդկանց հաշտեցնել: Մեր պետության փրկությունը լայնածավալ կոնսոլիդացիայի մեջ է: Մենք չենք կարող այսպես պառակտված վիճակում պայքարել ինչ-որ մի բանի դեմ կամ հայրենիք և երկիր ունենալու համար: Իսկ պառակտելն այս իշխանությունների համար մեկ խաղաթուղթն է, որով իրենք «բաժանիր, որ տիրես» սկզբունքով կարողանում են ամբողջ երկիրը մաս-մաս անել, այդ չհամախմբվածության արդյունքում հասնել հաջողության»:
Նա շեշտեց. «Այս իշխանությունը որևէ կարմիր գիծ, որևէ սրբություն չունի, հավատք չունի, և անգամ քրիստոնեության հետ որևէ աղերս չունեն: Ինձ համար քրիստոնեությունը ամենալուսավորչական կրոնն է բոլոր կրոնների մեջ: Ես ուսումնասիրել եմ տարբեր կրոններ, երկար ժամանակ արաբերեն և իսլամագիտություն եմ ուսումնասիրել և եկել այն եզրակացության, որ քրիստոնեությունն ամենալուսավորչական կրոնն է: Մեր դավանաբանական ուղղությունը, որը Հայ Առաքելական եկեղեցին է, ամենամոտն է քրիստոնեական արմատներին, ամենահանդուրժողն է, ամենալուսավորն է: Քրիստոնյա լինելը լուրջ խնդիր է, պետք է իրապես կարողանաս ձգտել դեպի օրինավոր քրիստոնյա դառնալուն: Այդ ճանապարհով անցնելու համար մենք շատ մեծ զոհողությունների պետք է գնանք: Ես չգիտեմ՝ մարդիկ այսօր պատրա՞ստ են գնալ այդ զոհողություններին, որպեսզի իրապես դառնան մաքուր քրիստոնյաներ: Որևէ մեկս չի կարող, բայց պետք է միշտ ձգտենք: Քրիստոնյա դառնալն անընդհատ ձգտումների մեջ է, ձգտել ավելի արժանավոր դառնալ Աստծուն: Այս մարդիկ քրիստոնեության հետ աղերս չունեն, նաև ծաղրում են, բայց ես միշտ ուզում եմ տեսնել այն մարդկանց դեմքերը, որոնք կանչելու են մի օր՝ Տեր Աստված: Հենց նույն իրենք հաստատ մի օր կանչելու են Տեր Աստված: Մարդու կյանքում միշտ լինում է այդ հանգրվանը, միշտ գալիս է այդ շրջափուլը, որ ինքը կանգնում է և ասում է. «Տեր Աստված, փրկիր ինձ»: Իրենք գալու են դրան, ես վստահ եմ, Փաշինյան Նիկոլը՝ առաջինը, իսկ իրենից հետո արդեն այն Թորոսյան Արսեն-մարսեններն են գալու, իրենք կանչելու են Աստծուն»:
Հռիփսիմե Առաքելյանի խոսքով՝ պետությունը ազգային շահով է պետություն. «Փաշինյանն ասում է՝ ես ամբողջ օրը երգում եմ, հեծո եմ քշում, էս եմ անում, էն եմ անում, եկեք՝ դուք էլ իմ հետ արեք այդ ամենը: Ասում է՝ մենք փորձում ենք ապահովել մարդու երջանիկ և բարեկեցիկ կյանքը: Եղբայր, իմ երջանիկ, բարեկեցիկ կյանքը ո՞րն է, որ ես ամեն օր հեռուստացույցը միացնեմ, տեսնեմ՝ դու կասկան գլխիդ՝ հեծանիվ ես քշո՞ւմ: Սա՞ է մեր երջանկության գրավականը: Ոչ ոք չի կարող մեր գենետիկ հիշողությունը ոչնչացնել: Եկեղեցու դեմ այս արշավի ընթացքում նույնիսկ իր թայֆայից մի երկու-երեք հոգի են խոսում, էն ամենապիղծ, անչափելի անբարո անհատները: Նույնիսկ այդ հարցում որոշակի զսպվածություն ունեն, չեն փորձում մտնել այդ թեմայի տակ, որովհետև բաներ կան, որ անարձագանք չեն լինում: Դու չես կարող այդ կարևորագույն արժեքների մասին ոնց ուզես՝ խոսես, եկեղեցի վարկաբեկես: Դու շատ փոքր ես: Մեր եկեղեցին մեր ազգային ինքնության, ազգային շահի պահպանողն է եղել: Հիմա դու եկել ես իշխանության, որոշել ես, որ 1720 տարվա քրիստոնյա կենսագրությունը պետք է ջնջե՞ս, դու ո՞վ ես ախր: Դու քեզնից ի՞նչ ես ներկայացնում: Դու ոչ ոք ես»:
Հեռուստալրագրողը նկատեց՝ գործող իշխանությունները հետամնաց գեղցի են և մտածում են, թե եվրոպական արժեքը ԼԳԲՏ համայնքն է կամ փողոցում մերկ ման գալը. «Եվրոպական որևէ երկիր իր ազգային շահերը սպասարկում է ամեն վայրկյան: Սրանց պետք է ասել, որ՝ տգետներ, եթե իմանամ, որ եվրոպական արժեքներից տեղյակ եք և դա եք ուզում ներարկել, ես մի պահ կարող եմ մտածել, բայց սրանց եվրոպական արժեքն անհասկանալի համակարգերի մասին է»:
Ըստ նրա՝ Փաշինյանին այսօր շատ քչերն են աջակցում. «Իր կողքին մնացել են միայն թայֆաբազները, բայց դրանք էլ չեն ուզում իր դեմքը տեսնել: Փաշինյանը գիտի, որ իրենից նողկում են իր թիմակիցները: Ես ունեմ որոշակի շրջապատ, և այնպես չէ, որ իր թայֆայի ինֆորմացիաները մեզ մոտով չեն անցնում, նույնիսկ հատուկ են գալիս՝ հասցնում մեզ, որ մենք իմանանք, իրենց համար որոշակի երաշխիքներ են ստեղծում, ասում են՝ իմացեք՝ մենք իրենից զզվում ենք: Բավականին լուրջ ՔՊ-ականներ են ասում, որ ատում են Փաշինյանին:
Եթե իրեն թվում է, որ իր շրջապատը իրենով հիացած է, ոչ, ուղղակի կոմպրոմատների հսկայական փաթեթը ձեռքը ման է գալիս առավոտից երեկո: Մենք գիտենք, թե դրանք ինչ արժեհամակարգով են ապրել և ինչ կարող են ունեցած լինել: Անգամ, եթե եսիմ ինչ էլ արած չլինեն, բայց ինչ-որ պահի բռնացրել են, բաներ են ձայնագրել, դրանք անմիջապես կարողանում է օգտագործել իր թիմակիցների դեմ: Ես նույնիսկ մեկ-մեկ խղճում եմ այդ մարդկանց, որովհետև շատերը ուզում են այդ ամենից փախչել, բայց վախից, տագնապից և անհանգստությունից ելնելով՝ չեն կարողանում:
72 պատգամավոր ունի, վերից վար իրար հետ երևի 10 հոգին են երևում այդ խորհրդարանում, բա էն 60-ն ո՞ւր են: Իսկ այդ 60-ի մեջ շատ հետաքրքիր շերտեր կան: Կան մարդիկ, որոնք նույնիսկ ողբերգություն են ապրում: Բայց միևնույն է, դա ինձ մոտ իրենց չի արդարացնում, կարող է պատժի մեղմացուցիչ հանգամանք լինել ընդամենը»:
Այս օրերին շատ քննադատվեց Սոֆի Դևոյանը, որն Աննա Հակոբյանի հետ էր գրկախառնվել, ոսկե մեդալ ստացել գործող իշխանությունից:
Քննադատությունների ֆոնին, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում չէր պատասխանել հարցին, թե արդյո՞ք համակրում է Աննա Հակոբյանին, բայց նշել էր, որ պետք է հարգել այն մարդուն, ով տվյալ պահին ղեկավարում է երկիրը:
«Ես մշտապես հարգել եմ այն ղեկավարներին, ովքեր երկրի ղեկին են եղել: Այսօր այս մարդն է մեր վարչապետը, ուրեմն պետք է հարգել նրան»,- ասել էր Սոֆի Դևոյանը:
Հռիփսիմե Առաքելյանն այս թեմայի վերաբերյալ հետևյալն ասաց. «Մեր պարող-երգողներին մի խորհուրդ՝ եթե ուզում եք վերջնականապես փչանալ, ապա թույլ տվեք, որ ձեր հոբելյաններին, ձեր կնունքներին Փաշինյան ընտանիքի որևէ ներկայացուցիչ գա՝ ձեզ շնորհավորի: Եթե ուզում եք ձեր ամբողջ կյանքի արած վաստակը մի վայրկյանում ջուրը լցնել: Դևոյան Սոֆին այն ամբողջը, ինչ ստեղծել էր, մի վայրկյանում ի չիք դարձրեց, երբ դրանց թույլ տվեց իրեն շնորհավորել և այդ ոսկե մեդալն ստացավ: Ինչի՞դ էր պետք այդ ոսկե մեդալը, ի՞նչ խնդիր ունեիր դու: Ո՞նց եք վերցնում դրանց ձեռքից մեդալները: Ասում են՝ հիմա իրենք են իշխանության, գիտե՞ք ինչ, կարո՞ղ է Էրդողանի ձեռքից էլ վերցնեք այդ մեդալը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում