Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանի գործը կքննի հակակոռուպցիոն դատարանը. Փաստաբան

Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գործն առաջիկայում կքննի հակակոռուպցիոն դատարանը։ Այս մասին 168.amի հետ զրույցում ասաց Հարություն Մանուչարյանի շահերի պաշտպան Արման Թամրազյանը։

«Հակակոռուպցիոն դատարանները, որոնք արդեն ձևավորվել են, մնացել է  դատավորների երդմնակալությունը տեղի ունենա, և օրենքի ուժով գործն արդեն պետք է քննվի հակակոռուպցիոն դատարանում»,- նշեց փաստաբանը։

Նա հույս հայտնեց, որ հակակոռուպցիոն դատարանը կիրականացնի արդար դատավարություն։

«Ամեն դեպքում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանից վատ, կարծում եմ՝ Հայաստանում այլ դատարան չի գտնվի։ Հետևաբար՝ կարծում եմ՝ այս օբյեկտիվությունն ու անաչառությունը միանշանակ կլինի, ցանկացած դատարան շատ ավելի անաչառ կլինի։ Հույս ունեմ, որ նոր ձևավորված դատարանն իր բարձունքի վրա կգտնվի և արդարադատություն կիրականացնի, քանի որ բոլոր դատավորները, որոնք նշանակվում են, մեծ հաշվով նոր են, և նրանց կենսագրությունն արատավորված չէ»,- շեշտեց Արման Թամրազյանը։

Կարդացեք նաև

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ հուլիսի կեսերից սկսած Հարություն Մանուչարյանի գործով դատական նիստեր տեղի չեն ունեցել, քանի որ դատարանն առանց պաշտպանական կողմի կարծիքը հաշվի առնելու՝ դատական նիստեր է նշանակում։

«Մենք դատարանին դիմում ենք գրել ու հայտնել, որ իր գործողությունների պատճառով է, որ նիստերը տեղի չեն ունենում, բայց կարծես թե այդ դիմումներն անարդյունք են, քանի որ հաջորդ դատական նիստը նշանակված է սեպտեմբերին՝ կրկին առանց մեզ հետ օրը համաձայնեցնելու»,- եզրափակեց Արման Թամրազյանը։

Հիշեցնենք, որ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Պողոսյանը Բերդի համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին մեկ ամսով կալանավորելու որոշում էր կայացրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը) առաջադրված մեղադրանքի հիմքով։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Հարություն Մանուչարյանի որդին՝ Անուշավան Մանուչարյանի՝ 5500 մետր սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի հենապատ կառուցելու ընթացքում հենապատը մի քանի մետր հայտնվել է համայնքային հողում, որի մասին Բերդ համայնքի ղեկավարը տեղեկացել է 2020 օգոստոսի 27-ին:

2020 թվականին Մանուչարյանի դեմ հարուցվել է վարչական վարույթ, սակայն պատերազմի հետևանքով այն կասեցվել է, և քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրացել են։

Հարություն Մանուչարյանը նախորդ տարվա դեկտեմբերից կալանավորված է։

Տեսանյութեր

Լրահոս