
Ցածր ռեյտինգ ունեցողը դուրս է եկել բարձր ռեյտինգ ունեցող Եկեղեցու ու բանակի դեմ. Արթուր Աթանեսյան
«Եկեղեցին թիրախ դարձավ, բնականաբար, այն ուժի համար, ով ունի ընկնող ռեյտինգ։ Իշխանությունները, կորցնելով իրենց վարկանիշը՝ իրենք փորձում են մարտահրավեր նետել բարձր ռեյտինգ ունեցող սուբյեկտներին։ Դա բանակն էր և Եկեղեցին։ Բանակը խնդիրներ ունի, այդ թվում՝ նաև իշխանությունների կառավարման պատճառով։ Ինձ, օրինակ, շատ է հետաքրքրում՝ ինչո՞ւ էին մեր հրամանատարները պատերազմի ժամանակ ենթարկվում Փաշինյանին, երբ Սահմանադրությամբ այդպես չպետք է լիներ։ Բանակը ռեյտինգ է կորցրել, թեպետ ունի դեռ բավականին բարձր ռեյտինգ։ Բայց Եկեղեցու վարկանիշը 70% է: Մնացած բոլոր իշխանությունները՝ գործադիր` կառավարություն, օրենսդիր և դատական, միասին վերցրած՝ չունեն Եկեղեցու չափ այդքան բարձր ռեյտինգ»,-«Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը։
Վերջինս նշեց՝ Վեհափառն ունի երեխա, թե չէ, էական չէ, քանի որ Եկեղեցու շատ բարձր այդ ռեյտինգը ցույց է տալիս, որ նրա ղեկավարությամբ Եկեղեցին լավ է աշխատել։ Հետևաբար՝ ո՞րն է խնդիրը։
«Եկե՛ք լուծենք այն հարցը, որ գործող վարչապետը համապատասխան չէ իր պաշտոնին, ոչ թե Վեհափառը։ Փաշինյանը նույնիսկ կրթություն չունի, մեր իրավիճակում գտնվող ղեկավարն առնվազն 1 դիպլոմ պետք է ունենար: Փաշինյանի կողմից Հանձնաժողով ստեղծելու դիսկուրսը տիպիկ կոմունիստական, խորհրդային դիսկուրս է։ Նա չունի դիպլոմ, այո՛, բայց իր անցած հեղափոխական ճանապարհը չպետք է թույլ տար, որ ինքը սովետիզմով, կոմունիզմով տառապեր։ Բայց եթե այդպես է, շատ լավ․ եկե՛ք մենք էլ ստեղծենք հանձնաժողով գիտնականներով ու որոշենք՝ արդյո՞ք Փաշինյանը պիտանի է վարչապետ լինելու համար։
Մենք շատ զբաղված, մշտապես աշխատող մարդիկ ենք, ու այն մարդկանց վրա, ում վրա հենված է այս պետությունը, ազդում է այս իրավիճակը՝ Փաշինյանի կողմից անդադար քանդելու, ավերելու կոչեր, ուրիշ ոչինչ։ Իսկապես դա հոգնեցուցիչ է»,- ասաց ԵՊՀ դասախոսը:
Նրա խոսքով՝ 2020թ.-ից ի վեր Եկեղեցին գերծանրաբեռնված է, նրանք շռայլ, շքեղ կյանքով չեն ապրում, ինչպես բոլորս՝ պոստտրավմատիկ շրջանում։
«Քչով շատը չես կարող չափել։ Եվ ցածր ռեյտինգ ունեցողը պետք է ձգտի բարձրանալ։ Գնացե՛ք որսի, դարձե՛ք որսորդ ժողովուրդ, բայց մեզ մի զրկեք տնից։ Մենք երկար տարիներ սխալմամբ կարծել ենք, որ բարոյականությունը փակվածության մեջ է։ Եվ Հայ Առաքելական եկեղեցին առաքելություն ունի դեպի դուրս ընդլայնվելու»,- ասաց Արթուր Աթանեսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: