Նիկոլ Փաշինյանն իր այս հայտարարություններով սխալական է հռչակում մի ամբողջ ժողովրդի, կայացած պետության անցյալը, ինստիտուցիոնալ հիշողությունը, այն ամենը, ինչ եղել է իրենից առաջ։ Բացի այդ, ըստ նրա տրամաբանության, սխալ ընկալումներով են ապրել և առաջնորդվել ոչ միայն հայաստանյան տարբեր իշխանությունները, այլև ողջ աշխարհը, միջազգային հանրությունը, որն ավելի քան երկու տասնամյակ բանակցային գործընթացի հիմքում դրել է «սխալ ընկալումները»։
Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահպանում է «մահ կամ իշխանություն» պայմանական սկզբունքով, որի դեպքում, առանց իր իշխանության, ներկայիս պաշտոնյաները կարող են ունենալ փոխաբերական իմաստով մահվան հեռանկար։ Այս սկզբունքի ողբերգական առանձնահատկությունն այն է, որ մահը, այսպես թե այնպես, անխուսափելի է․ նրա իշխանության պահպանման յուրաքանչյուր օրն ավելի է մոտեցնում պետության մահը, որը ոչ իրեն, ոչ էլ սեփական ճակատագրով մտահոգված պաշտոնյաներին, բնականաբար, չի հուզում։