Ինչ նախապայման է դնում Փաշինյանն Ադրբեջանի առջև

«Նկատելի է փոփոխություն ՀՀ վարչապետի Ղարաբաղյան թեմայով առաջին և վերջին հայտարարությունների միջև»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ՀՀ նոր իշխանությունների դիրքորոշմանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ օրերս Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին հարցին՝ ասել էր, որ Հայաստանը պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, այդ թվում` բանակցությունների վերսկսմանը։ «Բոլորս հասկանում ենք, որ անհրաժեշտ է որոշակի նախապատրաստական փուլ, որոշակի նախապայմաններ բանակցությունների վերսկսման համար։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել բանակցային գործընթացը կառուցողական հունով շարունակելու այն քաղաքական պարտավորությունների շրջանակում, որ մենք ստանձնել ենք, և ՀՀ ազգային շահերի համատեքստում»,- նշել է Փաշինյանը։ Նշենք նաև, որ  իր նախորդ անդրադարձերում Փաշինյանը պատրաստակամություն էր հայտնել հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա կարևորել էր Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին, որն օրերս իր ելույթներից մեկում կտրուկ մերժեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ալեքսանդր Ռարը, վերհիշելով ՀՀ իշխանությունների վերջին մի քանի ամիսների հայտարարությունները ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, ասաց, որ ՀՀ վարչապետի առաջին և վերջին հայտարարությունների միջև նկատելի է փոփոխություն: Դա, նրա որակմամբ, պետք է տեղի ունենար, քանի որ սկզբնական հայտարարությունները կարծես լավ ցանկությունների բանաձևումներ էին, որոնք վարչապետը հասկացավ, որ հեշտ չի տրվելու, ուստի չարժե շտապել և իրադարձություններից առաջ ընկնել:

«Ավելին ասեմ, որ Փաշինյանի առաջին հայտարարությունները ներքին լսարանի համար էին, վարչապետը ցույց տվեց, որ պատրաստակամ է հանդիպել, ինտենսիվ բանակցել, հարցեր լուծել կարգավորման գործընթացում, Արցախին միացնել բանակցային սեղանին: Հասարակությունը, բնականաբար, ոգևորվեց այս հայտարարություններից, մտածեց` ինչո՞ւ դա չէր անում նախորդ իշխանությունը, եթե դա այսքան հեշտ էր: Սակայն այս 2-3 ամիսները բավարար էին՝ հասկանալու համար, որ այստեղ այս հռետորաբանությունը տեղին չէ, և արտաքին լսարանին պետք է այլ ուղերձներ հղել, ինչպիսին վերջինն է: Ասել, որ կա բովանդակային տարբերություն այս հայտարարությունների միջև, սխալ կլինի, բայց առաջնահերթությունը փոխվել է` ներկայումս հայկական կողմը ցանկանում է բանակցել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի օրակարգերով: Այս հայտարարությամբ նույն օրակարգը փորձում է պարտադրել նաև Ադրբեջանին, այսինքն՝ հստակեցնել բանակցությունների օրակարգը: Նախապայմանը դա է, եթե Ադրբեջանը բանակցում է, ապա՝ այս օրակարգի շուրջ: Այսինքն` Ադրբեջանի իշխանություննեերի ներկայիս հայտարարությունների դեպքում ենթադրվում է, որ բանակցություններ չեն կարող լինել՝ ըստ հայկական կողմի: Ադրբեջանը համաձայն չէ բնականաբար, այս օրակարգով: Ուստի բանակցություններ երևի թե չեն լինի, ու սա ՀՀ վարչապետը հասկանում է:

Մի փոքր անհասկանալի է, թե ինչու շփման գծում ներկայացվող անհանգստացնող իրավիճակի պայմաններում չգնալ պարզապես բանակցությունների: Անհասկանալի է, քանի որ մենք չունենք տեղեկություններ բանակցային մանրամասնությունների մասին: Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի ներկայացրած օրակարգը մերժելի է Հայաստանի համար, ուստի հայկական կողմն առաջարկում է մի օրակարգ, որով հնարավոր է և՛ ժամանակ շահել ներքին գործընթացներն առաջ տանելու համար, և՛ ժամանակ շահել հնարավոր զիջումների, լուծումների համար հասարակությանը պատրաստելու համար, և՛ հակառակորդին շփման գծում վերահսկելու, և՛ բանակցությունների շարունակականությունն ապահովելու համար: Այսինքն` այս փուլում սա ունիվերսալ լուծում է հայկական կողմի համար, քանի որ, բնականաբար, ժամանակավոր կառավարությունը փոփոխությունների այս փուլում չի կարող համատեղել ներքին և արտաքին այս ծանր հարցերը, հատկապես, երբ Ղարաբաղյան ճակատում իրավիճակն այդքան էլ պարզ չէ: Վերջին հայտարարությունը լրացնում է այն հայտարարությունը, որը Փաշինյանն արել էր որոշ ժամանակ առաջ այն մասին, որ Ռուսաստանը թույլ չի տա պատերազմ:

Այսինքն` Հայաստանն առաջարկում է մի օրակարգ, որը, գիտի, որ անընդունելի է Ադրբեջանի համար, և ակնկալում է Ռուսաստանից օգնություն այս օրակարգն առաջ տանելու հարցում, քանի որ համաձայնության բացակայության դեպքում ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա: Իրավիճակը բարդ է, առավել բարդ է նոր իշխանության համար, որը ներքին լուրջ մարտահրավերների առջև է կանգնած ու հասկանում է, որ Ղարաբաղյան թեմայով շրջադարձային որոշումներ կայացնել չի կարելի, նաև չի կարող: Այդ հայտարարություններն ընկալվում են այս կոնտեքստում»,- մեկնաբանեց Ալեքսանդր Ռարը:

Տեսանյութեր

Լրահոս