«Նախկինում էլ խարիզմատիկ բոլոր եկեղեցիները, որոնց մեջ է նաև «Կյանքի խոսքը», ակտիվ ներքաշված են եղել քաղաքական և քաղաքացիական դրսևորումների մեջ». Ալեքսանդր Ամարյան
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Մայր Աթոռի դիվանատուն ներխուժած խումբն օգտագործելով ժողովրդի դժգոհությունը՝ փորձում է «խաղեր տալ»։
Ըստ Ամարյանի՝ դա հակաքրիստոնեական գործունեություն է. «Ես չեմ ասում՝ Վեհափառը ճիշտ է, թե սխալ, ես գնահատական չեմ տալիս, ես գնահատական տալիս եմ իրենց գործողություններին, և դրա նպատակը եկեղեցու քայքայումն է»։
Նա ընդգծեց՝ պետությունը չի կարող միջամտել, որովհետև պետությունն ու եկեղեցին իրարից անջատված են.
«Նրանց նպատակը դա է, որ պետությունը միջամտի, ու միանգամից հակապետական գործողություններ սկսվեն։ Դա է խնդիրը։ Պետականորեն որևէ քայլ չի արվելու, որպես ֆիզիկական անձ՝ կարող են արձագանքել, բայց ոչ միջամտել»։
Ամարյանի խոսքով՝ Մայր Աթոռի դիվանատան տարածքից հենց եկեղեցականները կարող էին վտարել խմբին.
«Քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի համաձայն՝ ապօրինի ներխուժման դեպքում իրավունք կա վտարել բոլորին՝ ծեծով, ջարդով, անգամ՝ փշրելով։ Նույնը կա նաև Քրեական օրենսգրքում, ոչ ոք թույլ չի տալիս նրանց՝ փակ տարածք ներխուժել։ Ուղղակի հաշվի առնելով, որ մեր հավատքը հանդուրժող է, հոգևորականները փորձում են համոզելով դուրս հանել, բայց դա արդեն չի գործում»։
Ինչ վերաբերում է «Բլոգնյուզ» կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանի այն հայտարարությանը, թե «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունն ամենագործուն մասնակցությունն է ունեցել թավշյա հեղափոխությանը, նա ասաց, որ կոնկրետ այդ մասին որևէ տեղեկություն չունի, բայց նշեց, որ նախկինում էլ խարիզմատիկ բոլոր եկեղեցիները, որոնց մեջ է նաև «Կյանքի խոսքը», ակտիվ ներքաշված են եղել քաղաքական և քաղաքացիական դրսևորումների մեջ։
Մեր հարցին՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը 168.am-ի հետ զրույցում հաստատել է, որ ինքը «Կյանքի խոսք»-ի անդամ է, տեղեկություններ ունի՞ կառավարության կազմում առկա այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների մասին, Ամարյանը պատասխանեց, որ ունի տվյալներ, բայց այս պահին չի ցանկանում այդ մասին խոսել.
«Ժամանակը կգա՝ տվյալները կհրապարակենք»։