«Չեմ կարծում, որ ՀՀ Զինված ուժերն աջակցության կարիք ունեն Նախիջևանի հատվածում լիակատար վերահսկողությունը պահպանելու համար». Բալայան

ՀՀ ԱԳՆ-ն Սիրիայում ծնված ՀՀ քաղաքացիներին Վրաստան մուտք գործելիս խնդիրների հանդիպելու դեպքում կոչ է անում դիմել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատանը կամ ԱԳՆ-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Սիրիայում ծնված ՀՀ քաղաքացիների Վրաստան մուտք գործելիս ծագած խնդիրներին:

Բալայանը տեղեկացրեց, որ եղել էր խնդիր, որ Սիրիայում ծնված ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան սահմանափակվել էր:

«Այս պահի դրությամբ Վրաստանից ունենք պաշտոնական պատասխան` և դեսպանությունից, և ԱԳՆ-ից, որ նման սահմանափակում չկա: Եթե մեր քաղաքացիները կառնչվեն նման խնդրի, հորդորում ենք անհապաղ կապվել կամ ՀՀ-ում Վրաստանի դեսպանություն, կամ ԱԳՆ օպերատիվ և աշխատանքային կարգով այդ հարցը լուծելու համար»,- ասաց Բալայանը:

Հարցին, թե Հայաստանը մասնակցելո՞ւ է Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին` Բալայանը պատասխանեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի բուն գագաթաժողովին չի մասնակցում:

Կարդացեք նաև

Ըստ խոսնակի, գագաթաժողովի օրերին կամ դրան կից անցկացվում է խաղաղության առաքելությանը մասնակցող երկրների ղեկավարների գագաթաժողով, Հայաստանը հրավիրվում է մասնակցելու այդ ձևաչափով՝ որպես Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը մասնակցող երկիր:

«Հայաստանը ՆԱՏՕ անդամ շատ երկրներից ավելի մեծ ներկայություն ունի Աֆղանստանում այս առումով, ուստի մենք հրավիրվում ենք մասնակցելու: Վարչապետի մասնակցության և չմասնակցության, Հայաստանի մասնակցության և չմասնակցության վերաբերյալ հավելյալ կտեղեկացվի»,- ասաց Բալայանը:

Անդրադառնալով Թուրքիայում անցկացված նախագահական ընտրություններին և հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներին` Բալայանն ասաց, որ չի կարծում, որ ներկա քաղաքական իրավիճակում Թուրքիայում նախընտրական հռետորաբանությունից հետո կարելի է առաջընթաց ակնկալել հայ-թուրքական հարաբերություններում:

Ըստ նրա՝ 2014 թվականին Թուրքիայում անցկացված նախագահական ընտրություններից հետո կողմերը միմյանց չեն շնորհավորում նման քաղաքական իրադարձությունների կապակցությամբ:

Հարցին, թե՝ Հայաստանի ՀԱՊԿ գործընկերները տեղյա՞կ են պահվել հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածի իրադարձությունների մասին, Բալայանը պատասխանեց, որ ՀՀ դեսպանները քաջ գիտակցում են, որ իրենց աշխատասենյակների և շփման գծի միջև սահմանը շատ քիչ է, այդ ամեն ինչի կրողը դիվանագետներն են:

«Այդ ամենի մասին մեր գործընկերներն օպերատիվ կերպով տեղյակ են պահվել: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի կողմից զորամիավորումների տեղակայմանն այդ հատվածում, չեմ կարծում, որ ՀՀ Զինված ուժերն աջակցության կարիք ունեն լիակատար վերահսկողություն հաստատելու համար, այսինքն` այդ վերահսկողությունը հաստատված է, այլ այն պահպանելու հարցում»,- ասաց Բալայանը:

Տեսանյութեր

Լրահոս