«Պահածոն 1000 դրամ էլ չարժի, բանակի վրա վաճառվում է 2400 դրամով». Կարեն Վարդանյան

Հարցազրույց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ

– Ինչպե՞ս եք գնահատում վերջին աղմկահարույց բացահայտումները, հակակոռուպցիոն քայլերը, որոնք իրականացվում են կառավարության կողմից, և ի՞նչ նշանակություն դրանք կարող են ունենալ տնտեսության համար։

– Եթե այդ ձերբակալությունները նաև զուգորդվում են ընդհանուր տնտեսական, ֆինանսական կարգապահության բարձրացմամբ, թույլ տեղերի վրա ուշադրությամբ և այլն, դա կարող է բերել նրան, որ տնտեսության մեջ ընդհանուր կարգապահությունը բարձրանա ու որոշակի հավասար դաշտ ստեղծվի։ Բայց մենք գործ ունենք տարեկան մի քանի միլիարդ գողության հետ և դեռ ընդամենը 30 միլիոն բացահայտման մասին ենք խոսում։ Կոնկրետ հանքարդյունաբերության մեջ, մասնագետների հաշվարկով՝ մոտավորապես օրական միլիոն ու կես գումար է գողացվում։

Նման խոշոր կետերի ականջից պետք է բռնել, որպեսզի երկիրը լրացուցիչ ֆինանսական մուտքեր ստանա, և կառավարության ձեռքը հնարավորություն լինի՝ թե՛ տնտեսության զարգացման համար ենթակառուցվածք ստեղծի, թե՛ բանակում լրացուցիչ ներդրումներ անի նոր հայկական զենքի առումով։ Չնայած ես գիտեմ, որ գումարը կա, բայց մենք հրապարակումներից տեսնում ենք, որ բոլոր ուղղություններով բանակում հավելավճարներ են կատարվում, ասենք, պահածոն 1000 դրամ էլ չարժի, բանակի վրա վաճառվում է 2400 դրամով, և այլն։ Այսինքն՝ եթե մենք այդ ամեն ինչը մաքրենք ու այդ ուղղությունները բերենք բյուջե, դա մեզ հնարավորություն կտա արագ կողմնորոշվել՝ և՛ տնտեսության զարգացման առումով, և՛ բանակի արդիականացման առումով։

– Ըստ Ձեզ՝ ճի՞շտ են ընտրվել առաջնային թիրախները։

– Դժվարանում եմ ասել։ Երևի իշխանություններն իրենց պլաններն ունեն, որովհետև կարող ես մեծ հնչեղություն ունեցող թիրախ ընտրել, որի բացահայտումը բերում է մյուս ոլորտներում կրքերի հանդարտման։ Այսինքն՝ մոտեցումների խնդիր է։ Եթե ես լինեի, մեկ օրվա մեջ բոլորին կհավաքեի ու խնդիր կդնեի՝ գողոնի վերադարձ, բայց հիմա այսպես է արվում, ենթադրում եմ՝ ինչ-որ պատճառներ կան։

– Ի՞նչ պատճառներ։ Օրինակ, կարծիքներ են հնչում, որ այս գործընթացներն ավելի շատ քաղաքական նկատառումներից ելնելով են տարվում, և ոչ թե իրական պայքար է կոռուպցիայի դեմ։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։

– Կոռուպցիայի դեմ իրական պայքարը պետք է սկսել ժողովրդից։ Մենք պետք է մարդկանց բացատրենք, որ կաշառք տալը լավ չէ, ու դա պետք է մարդկանց արյան մեջ մտնի։ Դրա համար այդ խնդիրը միշտ քաղաքական է, կոռուպցիայի դեմ պայքարը հիմնականում քաղաքական է, եթե դու զուգահեռ ժողովրդին չես կրթում, չես բարձրացնում այդ առումով, ապա ինքը միշտ էլ քաղաքական է։

– Այս կառավարությունը քիչ ժամանակ ունի՝ հաշվի առնելով, որ այն ժամանակավոր կառավարություն է։ Հնարավո՞ր է ավելի երկարաժամկետ լուծումների մասին մտածել, թե՞ այն քայլերը, որոնք արվում են, բավարար են։

– Կառավարությունն այնքանով է ժամանակավոր, ինչքան ինքն իրեն ժամանակավոր է պահում։ Եթե կառավարությունը, իշխանություններն ավելի շատ ուշադրություն դարձնեին երկրում ինստիտուտների ստեղծմանը, հենց իրենք կդառնային ավելի երկարակյաց, բայց եթե դու այդ երկարաժամկետ խնդիրները չես դնում, չես կարող լինել երկարակյաց: Դրա համար ես կարծում եմ՝ անկախ իրավիճակից, կառավարությունը պետք է երկար նայի ու երկար գործեր ցրցամ տա, որովհետև անկախ նրանից, թե այսօր ինքն է, վաղը մյուսն է, մենք բոլորս այս երկրի քաղաքացիներ ենք, ու այդ խնդիրները բոլորիս վերաբերում են։

– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ չեն անում։

– Չեմ կարող ասել։

– Այս բացահայտումների արդյունքում՝ այն ֆինանսական մուտքերի ազդեցությունը կոնկրետ ե՞րբ քաղաքացին իր վրա կզգա։

– Այդ 30 միլիոնը բաժանեք 3 միլիոն բնակչության վրա, կստանաք 10 դոլար։ Տարվա կտրվածքով առօրյայում քաղաքացին կզգա 10 դրամի ավելացում։ Հիմա կզգա՞, թե՞ չի զգա, ես չգիտեմ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս