Իրանն առաջիկա շաբաթներին կարող է դուրս գալ միջուկային գործարքից
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին հայտարարել է, որ Թեհրանն առաջիկա շաբաթներին կարող է դուրս գալ իր միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, տեղեկացնում է Tasnim գործակալությունը: «Իրանի սպասելը մոտեցել է ավարտին եւ միանգամայն հավանական է, որ առաջիկա շաբաթներին Իրանը դուրս կգա ԳՀՀԾ-ից»,- ասել է Արաքչին:
«Ես չեմ կարող ասել , որ Եվրոպայի հետ բանակցությունները շարունակելու հեռանկարը հստակ է ու կարող է մեզ բերել ԳՀՀԾ-ի պահպանման ընհանուր որոշման: Մենք դեռեւս սպասում ենք ու հուսով ենք, որ Եվրոպայի առաջարկությունն ընդունելի կլինի Իրանի համար, որպեսզի նա դուրս չգա գործարքից»,- հավելել է նա: Ավելի վաղ Իրանի արատաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը չի բացառել ԱՄՆ-ի հետ իր երկրի համատեղ աշխատանքի հնարավորությունը, եթե Վաշինգտոնը հրաժարվի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի խախտումներից եւ դադարեցնի «տնտեսական ագրեսիան» իրանական ժողովրդի նկատմամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել Է 2015 թվականին եւ սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն:
Թրամփը խոստացել է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ: Մայիսի 21-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է աննախադեպ ճնշում գործադրել Թեհրանի վրա, այդ թվում՝ սահմանել պատժամիջոցների՝ պատմության մեջ ամենախիստ ռեժիմը, եթե Իրանը չփոխի իր քաղաքականությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: