Մակրոնը ցանկանում է ֆրանսերենը դարձնել Եվրամիության գլխավոր լեզուն. WSJ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է ֆրանսերեն լեզվին վերադարձնել եվրոպական հասարակական ու քաղաքական ինստիտուտների պաշտոնական լեզվի կարգավիճակը, որը նա ուներ մինչեւ 1973 թվականին Եվրոպական տնտեսական հանրակցությանը Մեծ Բրիտանիայի անդամակցելը:
Ինչպես հունիսի 14-ին գրել է The Wall Street Journal թերթը, նման փոփոխությունը կարող է հնարավոր դառնալ Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո։
«Անգլերենը երբեք իր մասին այնքան զգացնել չի տվել Բրյուսելում, որքան այժմ, երբ մենք դատապարտում ենք Brexit-ը,-թերթը մեջբերել է Մակրոնի խոսքը,-բայց նրա գերիշխումը անխուսափելի չէ»: Ինչպես հիշեցնում է հրատարակությունը, ներկայում անգլերենը պաշտոնական լեզու է Եվրամիության բնակիչների 12,8 տոկոսի համար, սակայն Brexit-ից հետո այն երկրորդ պաշտոնական լեզուն կմնա միայն երկու երկրի՝ Իռլանդիայի ու Մալթայի համար, որտեղ ապրում է ԵՄ-ի բնակչության 1,2 տոկոսը:
Ընդսմին անգլերենն ամենից շատ ուսումնասիրվող օտարերկրյա լեզուն է եվրոպական կրթական հաստատություններում. այն ուսումնասիրում է տարրական դպրոցների երեխաների ավելի քան 80 տոկոսը եւ միջնակարգ դպրոցների սովորողների ավելի քան 95 տոկոսը: Եվրամիության բոլոր փաստաթղթերի 81 տոկոսը կազմված է անգլերենով, թեեւ ԵՄ-ի հիմնարկությունների աշխատակիցների միայն 2,8 տոկոսն են բրիտանացիներ:
Մակրոնի դիրքորոշումը պաշտպանում է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, որը ծնվել է Լյուքսեմբուրգում, որտեղ կա երեք պաշտոնական լեզու՝ ֆրանսերենը, գերմաներենը եւ լյուքսեմբուրգերենը: «Ինչու է Շեքսպիրի լեզուն գերակշռում Վոլտերի լեզվին: Մենք սխալվել ենք, երբ ընտրել ենք անգլիֆիկացումը»,-ասել է քաղաքական գործիչը ֆրանսիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: