«Կարևոր է, թե ինչպես կզարգանան քաղաքական իրադարձությունները Հայաստանում». փորձագետ

«ԵԽ արտաքին հանձնաժողովի տարածած հաղորդագրությունը նոր որակ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց անգլիացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ-ԵՄ համաձայնագրի հավանությանը:

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չորեքշաբթի հավանության է արժանացրել ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ տարբեր բնագավառներում առավել խոր համագործակցություն ծավալելու հնարավորություն ընձեռելով: Հանձնաժողովի անդամները ԵՄ-Հայաստան համաձայնագիրը հավանության են արժանացրել 55 կողմ, 2 դեմ և 7 ձեռնպահ ձայնով:

Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում նշվում է, որ գործընկերության համաձայնագիրը վերջնական կետ չէ ԵՄ-Հայաստան հարաբերություններում, այլ գործիք է ներքին բարեփոխումներ առաջադրելու և դրանք իրականացնելու համար: Եվրապատգամավորները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու համար և ընդլայնված համագործակցության հույս հայտնել:

Հանձնաժողովի անդամներն ափսոսանք են հայտնում, որ համաձայնագիրը թույլ չի տալիս վերացնել սակագնային արգելքները՝ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պատճառով: Այնուամենայնիվ, նրանք ընդգծել են, որ դա չի խանգարի ԵՄ-ին՝ դառնալու Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը և առաջին դոնորը՝ այդպիսով ցույց տալով, որ ԵՄ-ն նախապայման չի համարում գործընկերների հետ հարաբերությունները խորացնելու համար երրորդ կողմի հետ վերջինիս հարաբերությունները:

Եվրախորհրդի պատգամավորները հանձնաժողովին կոչ են արել վստահանալ, որ Հայաստանին ուղղված օգնությունը չի առնչվի ռուսական պատժամիջոցներին: Նույն օրը Եվրախորհրդարանի պատգամավորները խորհրդատվություն են ուղարկել Եվրամիության ղեկավարությանը ԵՄ ու Ադրբեջանի միջև ապագա համաձայնագրի մասին:

Միևնույն ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավորները մայիսի 15-ին Եվրամիության ղեկավարությանն առաջարկներ են ուղարկել Ադրբեջանի և ԵՄ-ի միջև կնքվելիք համաձայնագրի վերաբերյալ: Առաջարկություններում հատկապես շեշտը դրված է այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը պարտավոր է հարգել մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները:

Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ ԵԽ Արտաքին հանձնաժողովի նման անվերապահ աջակցությունը ՀՀ-ԵՄ համաձայնագրին իսկապես դրական հանգամանք և նոր որակ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Նրա կարծիքով՝ հանձնաժողովի տարածած հաղորդագրությունն իր որակով առաջինն է ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ վերջին շրջանում:

Ըստ վերլուծաբանի, առաջին անգամն է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն ակնարկում են այս համաձայնագրից դուրս հարաբերություններն է՛լ ավելի խորացնելու պատրաստակամության, Հայաստանին տրվող ֆինանսավորումն ընդլայնելու և վիզային ռեժիմի շուրջ շուտափույթ առաջընթաց գրանցելու մասին:

«Միանշանակ է` Եվրոպական խորհրդարանը, Եվրոպական միությունը ցանկանում է իր աջակցությունը ցույց տալ Հայաստանում գրանցված փոփոխություններին, այն անցնցում իշխանափոխությանը, որը տեղի ունեցավ: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, և այն, թե ինչպես իրադարձությունները կզարգանան առաջիկա ամիսներին, այն, թե ինչպես Հայաստանի նոր ղեկավարությունը կպատրաստվի արտահերթ ընտրությունների, ավելի ու ավելի կբարձրացնի Հայաստանի հեղինակությունը, եթե ընթանա հարթ ու քաղաքական հասունության մթնոլորտում, ինչպես նախորդ բարդ գործընթացը:

Համաշխարհային պատմությունը նման անցնցում իշխանափոխություններ՝ փողոցից պարտադրված, շատ քիչ է տեսել, սա իսկապես բացառիկ երևույթ էր, և Բրյուսելը ցանկանում է ցույց տալ, որ աջակցում է դժվար, անցումային պահերին իր գործընկեր երկրներին:

Բրյուսելը փողոցային իրադարձությունների օրերին շարունակաբար զգուշացնում էր ՀՀ իշխանություններին, ընդդիմությանը, թե բախումն ինչ հետևանքներ կունենա ՀՀ-ԵՄ հետագա հարաբերությունների վրա, բնականաբար, հակառակ գործընթացն էլ կտա իր պտուղները: Եվ ամենաուշագրավն այն է, որ Բրյուսելն այս համաձայնագիրն ամենևին էլ վերջին կետը չի համարում ՀՀ-ԵՄ հարաբերություններում, դրական ուղերձներն այս հայտարարությունում շատ են:

Դրանցից մեկն էլ այն է, որ Եվրամիությունն այնպես պետք է անի, որ ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավորինս քիչ խոչընդոտի ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Այդ մասին ևս շեշտված է հաղորդագրությունում: Սա իր հերթին՝ ուղերձ է այն երկրներին, որոնք ԵԱՏՄ կամ այլ միությունների անդամ են և ցանկություն ունեն խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ»,- ասաց Նեյլ Մաքֆարլեյնը:

Նրա խոսքով, սա ուղերձ է ՀՀ նորընտիր վարչապետին, թե ԵՄ-ն ինչպես է մտադիր աշխատել Հայաստանի հետ, որից կարելի է ենթադրել, որ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացման գործընթացը ԵՄ անդամ երկրների կողմից երկար ժամանակ չի պահանջի:

«Այս առումով ես կարևոր եմ համարում նաև այն, թե ինչպես կզարգանան քաղաքական իրադարձությունները Հայաստանում, քանի որ իրավիճակը երկրում վերջնական կկայունանա արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Սակայն մինչ այդ ժամանակահատվածն առանցքային նշանակություն է ունենալու, քանի որ սովորաբար այս փուլերում մեծ խնդիրներ են առաջանում նոր իշխանության համար, ինչն էլ այս օրերին տեսնում ենք Հայաստանում:

Ուստի ՀՀ իշխանություններից պահանջվում է մեծ ջանք՝ այս ժամանակավոր փուլն առանց կորուստների` քաղաքական, տնտեսական, առաջ տանելու համար»,- ասաց միջազգայնագետը:

Հարցին, թե ինչո՞ւ են համընկել Հայաստանի և Ադրբեջանի համաձայնագրերի հետ կապված նորությունները Եվրոպական խորհրդարանի կողմից` Նեյլ Մաքֆարլեյնը պատասխանեց. «Քանի որ այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրը Ղարաբաղյան հակամարտությունն է, դրա կողմերը Հայաստանն ու Ադրբեջանն են, որոնց նկատմամբ գերտերությունների քաղաքականությունը երբեմն նաև որոշիչ է հակամարտության գոտում տիրող իրավիճակի տեսանկյունից, Եվրամիությունը փորձում է հավասարակշռել իր հարաբերությունները երկու երկրների հետ:

Բայց որքան էլ այդ ցանկությունը կա, Եվրամիությանն այդ խնդիրը դժվար է տրվում, քանի որ հակադեմոկրատական զարգացումներն Ադրբեջանում շատ են, ուստի որոշ խնդիրներ Ադրբեջանում պետք է լուծվեն, որպեսզի իրական առաջընթաց գրանցվի Ադրբեջան-ԵՄ հարաբերություններում: Կարծում եմ` ՀՀ-ԵՄ և Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները համեմատության եզրեր չունեն»:

Տեսանյութեր

Լրահոս