Բաժիններ՝

Հաց կտրելու դանակով ամուսնուն դանակահարած կինն անմեղսունակ է ճանաչվել

Աջափնյակում 51-ամյա կնոջ կողմից քնած ամուսնու նկատմամբ սպանության փորձ կատարելու գործով դատարանը որոշել է՝ կնոջ նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց:

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ դեպքը տեղի էր ունեցել 2017թ. դեկտեմբերի 15-ին՝ կինը խոհանոցային դանակով մուտք է գործել ամուսնու մոր բնակարան, ննջասենյակում բազմոցին պառկած ամուսնուն դանակով մեկ անգամ հարվածել է վերջինս դեմքին:

Դանակով հարվածելու հետևանքով տղամարդու այտին մեծ պատռվածք է առաջացել և բժիշկները 16 կար են դրել:

«Փաստինֆո»-ն տեղեկացնում է Դատական տեղեկատվական համակարգից, որ ամուսնու և կնոջ միջև վերջին 1 տարվա ընթացքում լարված փոխհարաբերություններ են եղել՝ կապված ամուսնու կողմից փնթի վարքագիծ դրսևորելու և կնոջ կողմից անհանդուրժող լինելու հանգամանքների հետ:

Վերջին ամսվա ընթացքում ամուսինների հարաբերություններն ավելի են սրվել, ինչի պատճառով ամուսինը սկսել է բնակվել իրենց տան հարևանությամբ գտնվող մոր բնակարանում և քանի որ իրենց բնակարանը սկեսուրը նվիրաբերել է ամուսնուն և իրենց դստրերին, կնոջը բնակարանից վտարելու պահանջով ամուսինը դիմել է ոստիկանություն:

Առաջացած այդ խնդիրների հոգնած կինը որոշել է սպանել ամուսնուն, որից հետո նաև իրեն:

Խոհանոցից վերցնելով հաց կտրելու դանակը, դուրս եկել բնակարանից, մտել հարևանությամբ գտնվող ամուսնու մոր բնակարան, որտեղ էլ դանակով հարվածել է բազմոցի վրա պառկած ամուսնուն, սակայն իր հարվածը նկատել է ամուսինը, ձեռքը մեկնել առաջ, ինչի պատճառով իր հարվածը շեղվել և դանակը նրա պարանոցի փոխարեն դիպել է դեմքի ձախ այտին: Ամուսնու բղավոցից ննջասենյակ են մտել սկեսուրն ու ամուսնու եղբոր կինը և վերջինս իրեն դուրս է բերել ննջասենյակից:

Կինը հայտնել է, որ այդ ամենից հետո, գնացել է իր բնակարան, խոհանոցի լվացարանում լվացել է դանակը, դրել լվացարանի կողքին և սպասել ոստիկանների գալուն, քանի որ վստահ է եղել, որ ամուսինը զանգահարել է ոստիկանություն:

Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածով:

Սակայն ինչպես տեղեկանում ենք դատական ակտից՝ նա իրեն մեղսագրված արարքի նկատմամբ ճանաչվել է անմեղսունակ, ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կինը հանցավոր արարքը կատարելիս, տառապել և փորձաքննության կատարման ժամանակ նույնպես տառապում է «Շիզոֆրենիա պարանոիդ ձև, դեֆեկտային վիճակ» ախտորոշմամբ հոգեկան հիվանդությամբ:

Այսպիսով. Մարիամ Գույումջյանն ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից և պատժից և նրա նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հարկադիր բուժում հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում:

Աղբյուր` Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս