«Երկու կողմերն էլ փոքր զիջում պետք է անեն Հայաստանում մեծ կայունության համար». Կայծ Մինասյան

«Երկու կողմերն էլ փոքր զիջում պետք է անեն Հայաստանում մեծ կայունության համար»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով հայաստանյան զարգացումներին:

Կայծ Մինասյանն ասաց, որ շարժումը և Հայաստանում տիրող իրավիճակը գտնվում են խաչմերուկում: Ըստ նրա, ամեն ինչ պետք է անել, որպեսզի երկու կողմերն ուղղակի կամ անուղղակի կերպով համաձայնության գան ժամանակավոր վարչապետի մեկ թեկնածուի շուրջ ԱԺ-ի կողմից մայիսի 1-ին: «Մեծ կայունության համար 2 կողմերը պետք է մի փոքրիկ զիջում անեն, որովհետև կարևորն անձը չէ, կարևորը ներկայումս համաձայնությունն է՝ մինչև մաքուր և ազատ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը»,- ասաց Մինասյանը:

Անդրադառնալով խոսակցություններին, թե Ռուսաստանը սկսում է միջամտել այցերով, հեռախոսազանգերով` Կ. Մինասյանն ասաց, որ դա իրեն հիշեցնում է 1988 թվականին Մոսկվայից ուղարկված գործիչներին՝ Ղարաբաղյան շարժման ղեկավարության հետ բանակցելու նպատակով: «Ռուսաստանը ցանկանում է, միջնորդ լինելով, լուծում գտնելով, այնպես անել, որ Հայաստանը մնա Մոսկվայի գործընկեր պետություն: Ռուսները գիտեն, որ շարժումը ոչ մի հակառուսական տրամադրություն չունի: Եվ ռուսները ցանկանում են ցույց տալ միջազգային համայնքին, որ դրական և խաղաղարար գործ է անում»,- նման տեսակետ հայտնեց Մինասյանը:

Նրա խոսքով՝ այնուամենայնիվ Հայաստանում հակառուսական տրամադրություններ այս քայլերից չեն ձևավորվի, քանի որ շարժումը միմիայն Հայաստանի քաղաքական, տնտեսական և ներքին պատճառներ ունի: «Հայկական շարժումն օրինակ կարող է դառնալ ողջ հետսովետական տարածքի համար, որպես շարժում իշխանությունների դեմ՝ առանց արևմտյան միջամտության: Սա նոր տեսակի քաղաքական շարժում է»,- նշեց ֆրանսաբնակ հայ փորձագետը:

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ հեռախոսով քննարկել է հանրապետությունում ճգնաժամային իրավիճակի կարգավորման հարցը: Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է, որ «Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում՝ գործող Սահմանադրության շրջանակներում և 2017-ին անցկացված լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա»:

Բացի այդ, նշվում է, որ կողմերը կարևորել են մայիսի 1-ին նշանակված՝ խորհրդարանի կողմից անցկացվող հանրապետության վարչապետի ընտրությունը: Հեռախոսազրույցից ժամեր անց Երևան ժամանեցին մի խումբ ռուս պատգամավորներ` ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամներ՝ Կոնստանտին Զատուլինի գլխավորությամբ:

Տեսանյութեր

Լրահոս