Ապրիլյան պատերազմի մասնակից Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 22 տարեկան
Ապրիլի 27-ն ապրիլյան պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. այսօր նա կդառնար 22 տարեկան:
Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ եզդիների ընտանիքում։ 2014 թվականին Ք. Սլոյանն առաջին զորակոչով ներկայացել է Աշտարակի զինկոմիսարիատ և ծառայության անցել Արցախի Հանրապետությունում:
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակման առաջին դիմադրողներից էր: Քյարամ Սլոյանը կռվել է կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ: Ապրիլյան պատերազմի ժամանակ Քյարամ Սլոյանն իր զինակիցների հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը։ Ադրբեջանական հատուկ ջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ Արմենակ Ուրֆանյանն անձնակազմին հրամայել է հեռանալ առաջնագծից, սակայն շարքայիններ Քյարամ Սլոյանը և Ռոբերտ Աբաջյանը չենթարկվելով հրամանատարի հրամանին, շարունակել են պաշտապանական մարտը։ Ք. Սլոյանն իր գնդացրով տապալել է թշնամու բազմաթիվ գրոհայինների: Քյարամի զոհվելուց հետո թշնամին նրան գլխատել է:
2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։