«Սերժ Սարգսյանի հրաժարականի քայլը շատ դրական է ընկալվել միջազգային ներդրողների կողմից». Վարդան Արամյան
«Իմ խորին հարգանքը մեր հասարակության յուրաքանչյուր անդամի վերաբերյալ, բայց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտարարություն արել է, ասել է, որ պայմանավորվածությունները վերածվել են ուլտիմատումների, այդ պատճառով էլ չեն կայացել: Ավելին, ես չեմ կարող հայտարարություն անել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ բանակցությունները չկայացան Նիկոլ Փաշինյանի ու Կարեն Կարապետյանի միջև:
Ինչ վերաբերում է լուրերին, թե բանակցությունները չկայացան, քանի որ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանն է ցանկանում, որ Կարապետյանը լինի վարչապետ, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում ծնվում են տարբեր տեսակի վարկածներ:
«Մենք պետք է ցանկացած տեղեկատվության շատ զգույշ վերաբերվենք, դրանք շատ վտանգավոր են, քանի որ ազգաբնակչության մեջ կարող են շփոթ առաջացնել, ինչը շատ վատ է, դա նշանակում է, որ չկա կարգապահական վարկանիշ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ լավագույն լուծումը կառուցողական երկխոսության մեջ է:
Նա ասաց, որ տեղեկություն չունի՝ արդյոք երկրում մտադրություն կա՞ր արտակարգ դրություն հայտարարելու:
Ֆինանսների նախարարի պաշտոնակատարը նաև ասաց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի քայլը շատ դրական է ընկալվել միջազգային ներդրողների ու հանրության կողմից:
«Դա դրական ազդակ է տվել այն առումով, որ Հայաստանն ունի այնպիսի իրավիճակ, որ չի կրկնում Ուկրաինայում կատարված սխալները, այսինքն՝ գնում է ավելի կառուցողական ուղիով»,- ասաց Վարդան Արամյանը: