Հարգում ենք բոլոր զոհերի հիշատակը և համամարդկային համընդհանուր արժեքները. Անն Իդալգո
Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել հիշատակի արարողություն: «Ես ցանկանում եմ ողջունել Փարիզի բոլոր հայերին: Ցեղասպանությունը վերաբերում է ողջ մարդկությանը: Միասին մենք հարգում ենք բոլոր զոհերի հիշատակը և հարգում համամարդկային համընդհանուր արժեքները»,- միջոցառման սկզբում ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ֆրանսիացի և հայ քաղաքական, հասարակական մի շարք գործիչներ:
Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահ Արա Թորանյանը շնորհակալություն է հայտնել Անն Իդալգոյին կազմակերպած հիշատակի արարողության կապակցությամբ: «Ցեղասպանությունը կոչ է անում հաստատել կյանքի, բարեկամության և համերաշխության գերակայությունը»,- ասել է Արա Թորանյանը: