«Տպավորությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ելք է փնտրում այն փակուղուց, որի մեջ ինքն է դրել իրեն». «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ձախողվելով հետապնդած առանցքային նպատակին հասնելու հարցում՝ Նիկոլ Փաշինյանը կարծես փորձում է կենտրոնանալ միջանկյալ խնդիրների վրա, բայց բուն տպավորությունն այն է, որ նա, ի վերջո, ելք է փնտրում այն փակուղուց, որի մեջ ինքն է դրել իրեն: Ինչ-որ տեղ դա է վկայում նաեւ երեկվա հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ռազմավարությունը, որով մտադիր է հասնել իշխանափոխության:

Մասնավորապես նա կողմնակիցներին կոչ արեց, որ գնան իրենց գյուղերը, քաղաքները եւ գյուղապետերին, համայնքապետերին, ավագանու անդամներին, այսպես ասած, ճնշեն, ստիպեն, նրանցից պահանջեն, որ… միանան իր գլխավորած շարժմանը: Սա հայտարարում է ՏԻՄ ընտրություններում, մեղմ ասած, համեստ արդյունք արձանագրած կուսակցության ղեկավարը:

Հետաքրքիր է, իսկ ոչի՞նչ, որ տեղական ինքնակառավարման մարմինների մեծ մասի ընտրված ղեկավարները ՀՀԿ ներկայացուցիչներ են եւ իշխանության կողմնակիցներ:

Երեկ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները լրատվամիջոցներում ու տարբեր հարթակներում հայտարարում-հավաստիացնում էին, թե անկարգություններ անողները «իշխանության սադրիչներն» են եւ իրենց հետ կապ չունեն:

Թե ովքեր էին կոնկրետ այդ կարգազանցները, հուսանք, իրավապահ մարմինները, հարուցված քրեական գործի շրջանակներում կկարողանան ի վերջո բացահայտել: Բայց այստեղ ուշադրություն է գրավում բողոքի ակցիաների գլխավոր դերակատարի՝ Նիկոլ Փաշինյանի ու իր համախոհների մոտեցման, այսպես ասենք, «հարմարությունը»:

Իբր ամեն ինչ առանց բռնության է, այսպես ասած, «թավշյա», իսկ եթե մեկնումեկը մի բան անի՝ «սադրիչ» է, «գործակալ» է, էլի նման բաներ:

Մինչդեռ քաղաքական գործիչը, որ անհնազանդության կոչեր է անում, պարբերաբար անձամբ կամ մյուս կազմակերպիչների միջոցով տարածում է «ինչ ուզենք՝ անելու» մտայնություն, չի կարող չգիտակցել, որ իրեն հետեւող մի քանի հազար երիտասարդների, նաեւ պատանիների շարքերում ինչ կարգի ընկալման աստիճան ունեցող ասես՝ կարող է լինել:

Եվ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե պարբերական երթերով, «շրջագայություններով» ոգեւորվող երիտասարդների մեջ չեն կարող լինել «ակտիվությամբ» որեւէ կերպ աչքի ընկնել ցանկացողներ: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները կարող են լիովին վերահսկել իրենց կոչերով փողոց ելած բոլոր անձանց գործողություններն ու արարքները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս