Մայք Փոմպեոն գաղտնի հանդիպում է ունեցել Կիմ Չեն Ընի հետ. Washington Post
ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Մայք Փոմպեոն գաղտնի այց է կատարել Փհենյան եւ այնտեղ անձամբ հանդիպում ունեցել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, ապրիլի 17-ին գրել է Washington Post-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ։
Այս տվյալներն ապրիլի 17-ին անուղղակիորեն հավաստել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ով հայտարարել է, որ Վաշինգտոնը Հյուսիսային Կորեայի հետ ուղղակի բանակցություններ է վարել «շատ բարձր մակարդակով», թեեւ նա անուններ չի հայտնել:
Հրատարակության տվյալներով՝ Փոմպեոյի այցը Փհենյան կայացել է ապրիլի առաջին հանգստյան օրերին: Նշվում է, որ դրանից մեկ շաբաթ հետո Հյուսիսային Կորեայի իշխանություններն առաջին անգամ պաշտոնապես հավաստել են, որ պատրաստ են բանակցություններ վարել իրենց միջուկային ծրագրի դադարեցման շուրջը:
Ավելի վաղ Թրամփը հայտնել է, որ Կիմ Չեն Ընի հետ իր հանդիպումը տեղի կունենա հունիսի սկզբին «կամ ավելի շուտ», եւ որ այս պահին Միացյալ Նահանգների իշխանությունները քննարկում են դրա անցկացման հինգ հնարավոր վայրերը: Ավելի ուշ նախագահը ճշտել է, որ դրանք բոլորը գտնվում են ԱՄՆ-ի սահմաններից դուրս: Ընդ որում նա չի բացառել, որ այդ հանդիպումը կարող է նաեւ չկայանալ: