«Միջուկային հարվածների ցանկացած փոխանակում աղետ կդառնա ողջ մարդկության համար». Ջիմի Քարտեր
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարտերը Դոնալդ Թրամփին նախազգուշացրել է Ռուսաստանի, Սիրիայի եւ Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական որեւէ գործողության վտանգավորության մասին: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
«Ես աղոթում եմ, որ մեր երկիրն ապրի խաղաղ պայմաններում, չուռճացնի ու չբարդացնի այն մարտահրավերները, որոնք բխում են Հյուսիսային Կորեայից, Ռուսաստանից կամ Սիրիայից»,- ասել է նա:
Քարտերն ընդգծել է. «Ես հուսով եմ, որ նա (Թրամփը) նույնքան խորն է գիտակցում, որքան ես, որքան գիտակցում էին մյուս նախագահները, որ միջուկային հարվածների ցանկացած փոխանակում աղետ կդառնա ողջ մարդկության համար»:
Նրա խոսքով՝ նույնիսկ նվազ ընդգրկուն ռազմական բախումը «վտանգավոր զբաղմունք է», որը կարող է ընդհանուր իրադրությունը դուրս բերել հսկողությունից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: