Իլհամ Ալիևն ընտրություններում հավաքել է 86 տոկոս ձայն
Ադրբեջանի նախագահական ընտրություններում ձայների մեծամասնությամբ հաղթանակ է տարել գործող նախագահ, «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածու Իլհամ Ալիևը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, 3 մլն 959 հազար 553 քվեաթերթիկներից հաշվվել է 3 մլն 723 հազար 278-ը, որի արդյունքում Ալիևը հավաքել է ձայների 86 տոկոսը:
Նրան հաջորդող հաջորդ թեկնածուն՝ ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը հավաքել է ընդամենը 3.11 տոկոս ձայն:
Համաձայն ԿԸՀ տվյալների՝ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 74.51 տոկոսը:
Ընտրություններում հաղթանակ տոնելու կապակցությամբ Ալիևին արդեն իսկ շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թեպետ արտահերթ հրավիրված նախագահական ընտրություններում առաջադրվել էր 8 թեկնածու, սակայն բոլորի համար ակնհայտ էր, որ դրանց արդյունքն արդեն կանխորոշված է և որ հաղթողի միակ հավակնորդը վերջին 15 տարիների ընթացքում երկիրը կառավարող Իլհամ Ալիևն է, ով նախկինում արդեն 3 անգամ ընտրվել է այս պաշտոնում (2003, 2008 և 2013 թվականներին):
Այս ընտրություններն առաջինն էին Ադրբեջանում սահմանադրական վերջին փոփոխություններից հետո, որոնք Ալիևին թույլ տվեցին արդեն չորրորդ անգամ առաջադրվել: Հաղթելու պարագայում նա պաշտոնավարելու է յոթ տարի ժամկետով՝ նախկին հինգի փոխարեն։
Բացի այդ, 2016 թվականին Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով վերացվել է թեկնածուի առաջադրման քանակի սահմանափակումը, հետևաբար՝ Ալիևը կարող է յոթ տարին մեկ առաջադրվել այնքան, որքան կցանկանա։