««Ելքի» մեջ սկսվում է անկանոն շարժումը. մեկն ուզում է ԱԺ-ում մնալ և ինչ-որ պաշտոններ ստանալ իշխանությունից, մեկ այլ ուժ փորձում է քայլարշավ իրականացնել գյուղից գյուղ»
«Արդյոք հասարակությունը պատրա՞ստ է մոբիլիզացվելու և խանգարելու գործող նախագահին վարչապետ դառնալու գործընթացում. այդ հարցում մենք կարող ենք բացասական պատասխան տալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով ԱԺ «Ելք» խմաբկցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի նախաձեռնած ակցիայի մասին:
Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանն իր թիմի հետ 14-օրյա քայլարշավ է սկսել Գյումրիից դեպի Երևան: Քայլարշավը նպատակ ունի մոբիլիզացնել հանրությանը՝ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը թույլ չտալու համար: Այս գործընթացին չեն միացել «Ելքի» մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը»:
Ա. Բադալյանի ևս մեկ անգամ նշեց, որ 2017 թվականի ապրիլի 2-ից հետո կարելի է փաստել, որ ՀՀ-ում հասարակությունը, որպես այդպիսին, մահացել է և վերափոխվել է ընդամենը բնակչության, իսկ բնակչությունն իր խնդիրներն ունի: Նրա կարծիքով՝ նման պայմաններում, երբ բազան գրեթե բացակայում է, ցանկացած տեխնոլոգիա, կլինի՝ գյուղից գյուղ քայլերթ, կամ՝ մեկ այլ գործողություն, արդյունավետ չի կարող լինել:
«Նման ոչ մոբիլիզացվող հասարակության դեպքում նման գործողություններն արդյունք չեն տալիս: Դրա համար մենք կարող ենք փաստել, որ, իհարկե, կարող է գնալ տվյալ քաղաքական թիմը գյուղից գյուղ, քայլերթ կազմակերպել, սակայն նրան խանգարում են մի շարք գործոններ: 4 օրում դու չես կարող ՀՀ ողջ համայնքներում լինել և փորձել ոտքի հանել այնտեղ բնակվողներին, այսինքն՝ ժամանակի գործոնը նույնպես իր օգտին չէ: Համապատախան մեդիա ուղեկցում ևս չկա: Այսօր ո՞ր հեռուստաընկերությունն է առավոտից երեկո այդ գործողությունները լուսաբանում: Հայաստանը գտնվում է ՌԴ-ի տոտալ վերահսկողության ներքո, և այստեղ իշխանափոխության հարց, առանց ՌԴ-ի հետ համաձայնեցնելու, տվյալ պահին անհնար է: Կարող ենք փաստել, որ այդ գործընթացը հաջողությամբ պսակելու համար բացակայում են անհրաժեշտ բազմաթիվ խիստ կարևոր գործոնները, ինչի համար կարող ենք ենթադրել, որ այս գործընթացը հաջողություն չի ունենա, ընդամենը կունենա այն արդյունքը, որ լրատվամիջոցները կանդրադառնան քաղաքական տվյալ ուժին և գործչին և նրանց PR-ը կիրականացնեն»,- նշեց Ա. Բադալյանը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին «Ելքի» կուսակցությունները միմյանց ուղղված հայտարարություններ են անում: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հոդված էր հրապարակել՝ ասելով, որ պետք չէ մարդկանց հուսահատության տանել: Ն. Փաշինյանն իր հերթին՝ կոնֆորմիստ էր անվանել իր՝ ակցիային չմասնակցող գործընկերներին, նաև նշելով, որ Է. Մարուքյանի հոդվածում գծագրվում էր այն տրորված ճանապարհը, որը տրորել են ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը:
Արմեն Բադալյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք այս փոխադարձ հայտարարությունները նախանշո՞ւմ են «Ելքի» ապագա փլուզման մասին: Ի պատասխան՝ նա ասաց.
«Այդ դաշինքի հետ կապված խնդիրը կայանում է նրանում, որ, երբ այն ձևավորվում էր, դաշինքի մեջ մտնող երկու ուժերը՝ «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը», իրենց դիրքորոշումներում որպես ընդգծված արևմտամետ կառույցներ էին: Հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիրը» միացավ, կարծես թե, այդ արևմտամետ ուղղվածությունը սահուն ձևով դուրս եկավ այդ դաշինքի արտաքին քաղաքականության օրակարգից, և ինչ-որ անորոշ դիրքորոշում ստացավ «Ելք» դաշինքը, որը, իհարկե, ոչ առանց իշխանությունների անուղղակի աջակցության, հայտնվեց խորհրդարանում:
Քանի որ հիմա ինքն այդ վեկտորը չունի, այդ կառույցի մեջ սկսվում է անկանոն շարժումը: Մեկն ուզում է խորհրդարանում մնալ և ինչ-որ պաշտոններ է ցանկանում ստանալ իշխանությունից, մեկ այլ ուժ փորձում է քայլարշավ իրականացնել գյուղից գյուղ: Այդ ամբողջը գալիս է այն հիմնական պատճառից, որ այդ դաշինքն իր հիմնական զարգացման վեկտորը չունի: Հստակ պարզ չէ, թե այդ դաշինքն ուր է ուզում գնալ՝ բացի նրանից, որ նա մտավ խորհրդարան»:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք դաշինքում եղած այդ անկանոն շարժումը կարո՞ղ է բերել դաշինքի պառակտման՝ Ա. Բադալյանն ասաց՝ միգուցե՝ այո. «Դա այնքան ոչ կարևոր նշանակություն ունեցող հարց է ՀՀ քաղաքական կյանքում, որ անգամ անիմաստ է դա քննարկելը: Ասենք թե՝ կպառակտվեն, և մեկ ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», դուրս կգա «Ելք» դաշինքից, դա ինչ-որ մի բան կտա՞ ՀՀ բնակչությանը: Ո՛չ: Դրա համար այն կպառակտվի՞, թե՞ չի պառակտվի, քաղաքացու համար զրո նշանակություն ունի: Դուրս եկեք և հարցնելով մարդկանց՝ փորձեք կարծիք կազմել, թե այդ դաշինքը որքանո՞վ է կարևոր ՀՀ-ի բնակիչների համար: Շատ դեպքերում այդ դաշինքի մասին անգամ չեն էլ հիշում»:
Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ «Ելքն» ԱԺ-ում նախաձեռնեց ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց, եթե արևմտամետ վեկտորը դաշինքում առկա չէ՝ Ա. Բադալյանն այսպես պատասխանեց.
«Երբ ասում ենք՝ արևմտամետության վեկտոր, դա չի նշանակում՝ առանձին գործողություն: Ձեր ասածն ընդամենը մեկ տարվա մեջ ընդամենը մեկ գործողություն է եղել, իսկ արևմտամետությունը պահանջում է բազմաթիվ, մշտական գործողություններ՝ այդ ուղղվածությունն ամրապնդելու համար հասարակության գիտակցության մեջ, իսկ դա ընդամենը կարճաժամկետ մի հարց էր, որը կասկածելի արմատներ ուներ: Մեկ տարվա ընթացքում ընդամենը մի քանի օրվա տևողության այդ գործընթացը չի նշանակում, որ այդ կառույցն արևմտամետ ուղղվածություն ունի, դա կարճաժամկետ մի գործողություն էր, որը եղավ և անցավ»: