Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեության հասույթը անցած տարի աճել է կտրուկ աճել է
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ծառայությունների ոլորտը 2017 թվականին՝ 2016 թվականի համեմատ, աճել է 14.4%-ով։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է նախնական մակրոտնտեսական ցուցանիշների բացվածքը, որտեղից երևում է, թե հիմնականում ինչի հաշվին են աճել ծառայությունները։
Ինչպես ցույց են տալիս պաշտոնական վիճակագրության տվյալները, ծառայությունների ընդհանուր ծավալի մոտ 20%-ն ապահովվել է շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեության հաշվին։
2017 թվականի հունվար-դեկտեմբերին շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեության հասույթը կազմել է շուրջ 276 մլրդ դրամ, ինչը 22.5%-ով գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը։
Այդ թվում, խաղատների գործունեությունը նվազել է 4.9%-ով և կազմել 66.2 մլրդ դրամ։
Դրամական շահումով խաղային ավտոմատների գործունեությունը լուրջ փոփոխություն չի կրել՝ աճելով 1.7%-ով։ Այս ենթախմբի ծավալն էլ մյուսների համեմատ քիչ է՝ 679.4 մլն դրամ։
Փոխարենը, անցած տարվա ընթացքում շարունակել է ավելանալ բուքմեքերների շրջանառությունը։ Այսպես, 2017 թվականին վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեքերական գործունեության կազմակերպման գործունեությունից ստացված հասույթը կազմել է 209 մլրդ դրամ։ Իրական աճը 2016 թվականի համեմատ 34.9% է։