«Արևմուտքում դա ընդունված է, և սա զուտ արևմտյան աշխատաոճ է, քաղաքական ոճ չէ»

Հարցազրույց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ

– Պարոն Բադալյան, իրականում ի՞նչ նպատակ են հետապնդում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումները քաղաքական ուժերի հետ, և ի՞նչ արդյունք դրանք կտան։

– Բնականաբար, երբ առաջին անգամ նրան առաջարկվեց նախագահի պաշտոնը զբաղեցնել, հենց ինքն ասաց, որ պաշտոնը կզբաղեցնի, երբ հանդիպումներ կունենա Հայաստանի քաղաքական ակտիվ գործոնների՝ կուսակցությունների ղեկավարությունների, հասարակության այլ սեգմենտների՝ մտավորական, գիտական, երիտասարդության ներկայացուցիչների հետ, և դա իր մեթոդն է, աշխատելու ձևն այդպիսին է։ Թե ի՞նչ կտա, դժվար է ասել, որովհետև այդ հանդիպումների միջոցով չի ձևավորվում ապագա նախագահի գործառնությունների սահմանը, դա որոշվում է Ազգային ժողովում՝ օրենքներ ընդունելով։

Իսկ օրենքներն արդեն ընդունված են, նախագահն ապագայում բավականին խորհրդանշական դերակատարում է ունենալու։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ նախագահն Անվտանգության խորհրդի մաս չէ։

Երրորդ՝ նա երկար ժամանակ Հայաստանից բացակայել է և որքան էլ լրատվամիջոցներով ծանոթանա Հայաստանում իրավիճակին, ամեն դեպքում, պետք է հանդիպել, տեսնել, թե իրենից ինչ է ներկայացնում այն երկիրը, որի նախագահը պատրաստվում է լինել։

– Այսինքն՝ դրանք ձևական հանդիպումներ չե՞ն, իրականում նա խնդիր ունի՞ ծանոթանալու։

– Առաջին հերթին՝ կարող ենք ասել, որ հիմնականում էությամբ ձևական կողմ է, որովհետև նա ամեն դեպքում տեղյակ է, թե ինչ է կատարվում Հայաստանում, բայց այնուամենայնիվ, քաղաքակրթական արարողակարգը պահպանելու համար անհրաժեշտ են հանդիպումներ՝ ավելի մանրամասն իմանալու համար, թե ինչ է ներկայացնում այն երկիրը, որի նախագահ դու պետք է դառնաս։

– Բայց դա ինչո՞վ է կարևոր, եթե նախագահն անգլիական թագուհու նման է լինելու և որոշիչ դեր չի ունենալու։

– Դա աշխատաոճ է և միայն այդ տեսակետից է կարևոր։ Օրինակ, կարող է՝ մի մարդ լիներ նախագահի թեկնածուն, որ անմիջապես համաձայներ, և որևիցե խնդիր չառաջանար։ Հիմա տվյալ թեկնածուի դեպքում գործում է այդ աշխատաոճը՝ հանդիպել, զրուցել։ Արևմուտքում դա ընդունված է, և սա զուտ արևմտյան աշխատաոճ է, քաղաքական ոճ չէ, որովհետև այդ պարագայում դու պետք է միանգամից համաձայնեիր։ Բայց Արևմուտքում ընդունված է՝ նման առաջարկների դեպքում հանդիպել տարբեր կողմերի հետ, և հնարավոր է, որ դրանց արդյունքում գաս մի եզրակացության, որ նպատակահարմար չէ զբաղեցնել նախագահի պաշտոնը։ Տեսականորեն սա էլ է հնարավոր։

– Իսկ գործնականում հնարավոր համարո՞ւմ եք, որ առանց վերջնական համաձայնության՝ Սերժ Սարգսյանը պաշտոնապես ներկայացներ, առաջարկ աներ նրան։

– Քաղաքականության մեջ տեսականորեն ոչինչ բացառված չէ, որը, սակայն, մենք տվյալ դեպքում չենք կարող պնդել։ Մենք ասում ենք, որ նա հայկական իրականության հետ այդքան էլ ծանոթ չէ, բայց այնուամենայնիվ, լրիվ ուրիշ միջավայրից էլ չէ։ Ի վերջո, լինելով դեսպան՝ նա ամեն դեպքում ծանոթ է ՀՀ-ում առկա իրավիճակին։ Նա չի գնում Չադի նախագահ դառնալու, որ զրոյից ծանոթանա այդ երկրին։ Ամեն դեպքում նա ծանոթ է, և, եթե սկզբում չի մերժել, ամենայն  հավանականությամբ, սկզբում տվել է իր համաձայնությունը՝ դառնալու նախագահ, ուղղակի աշխատաոճն է ստիպում հանդիպումներ ունենալ և փորձել հանդես գալ՝ որպես բոլորի նախագահ։ Ի վերջո, նա ընկալվում է՝ որպես ՀՀԿ-ին կից նախագահ, որովհետև հանրապետության նախագահն առաջարկել է, ՀՀԿ-ն մեծամասնությամբ կողմ կքվեարկի՝ ՀՅԴ-ի և, ամենայն հավանականությամբ, «Ծառուկյան» դաշինքի հետ միասին, և նա ընկալվելու է՝ որպես այսօրվա նախագահին կից նախագահ։ Միգուցե նա չի ցանկանում նախագահին կից նախագահ ընկալվել և այդ իսկ պատճառով այսպիսի աշխատաոճ է ընտրել, որպեսզի հանդիպի բոլորի հետ և հանդիսանա բոլորի նախագահ՝ զուտ արտաքին դիզայնը պահպանելու համար։

– Իսկ երկար տարիներ Բրիտանիայում բնակված, արևմտյան արժեքներով այսպիսի թեկնածուն ինչպե՞ս է ընկալվում արտերկրում՝ թե՛ Արևմուտքում, և թե՛ Ռուսաստանում։

– Ճիշտն ասած՝ մենք չենք կարող ասել՝ նա արևմտյան արժեքների կրո՞ղ է, թե՞ ոչ, որովհետև կարող ենք բերել շատ այլ մարդկանց, որոնք Արևմուտքում են ապրել, բայց ընդգծված հակաարևմտյան արժեքներ ունեն և, ընդհակառակը, կարող ենք բերել ԽՍՀՄ-ում ծնված-մեծացած մարդիկ, որոնք Արևմուտքում այդքան չեն եղել, բայց արևմտյան արժեքների կրողներ են։ Այսինքն՝ լինելով Մեծ Բրիտանիայում դեսպան և տարբեր փորձագիտական կամ բիզնես շրջանակների հետ մեծ հարաբերություններ ունենալով, դեռևս չի նշանակում, որ նախագահի թեկնածուն արևմտյան արժեքային համակարգի կրող է։

Մենք նրա արժեհամակարգի մասին ընդհանրապես պատկերացում չունենք, որովհետև այն ժամանակ, երբ նա դեսպան չէր, հանդես չի եկել հրապարակումներով, հարցազրույցներով, որպեսզի պատկերացում կազմենք, թե ինչ արժեհամակարգի կրող է։ Նրա մասին որևէ բան մենք չգիտենք, թե ինչ տեսակետ ունի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի, Հայաստանի արևմտյան կամ ռուսական կողմնորոշումների մասին, Հայաստանում տիրող մենաշնորհների մասին։ Պաշտոնական որևէ տեսակետ չունենք, միայն գիտենք, որ նա դեսպան է, զբաղվել է բիզնեսով։ Ոչ ավելին։

Դրա համար մենք չենք կարող ասել, թե նա ինչպես է ընկալվում Արևմուտքում կամ Ռուսաստանում՝ որպես գործիչ։ Եթե հասկանալի է, թե դեսպանության ժամանակ ինչու տեսակետ չի հայտնել, որովհետև դեսպանը չի կարող բացահայտ տեսակետ հայտնել, բայց կային ժամանակներ, երբ նա դեսպան չի եղել, իսկ Հայաստանում բավականին ակտիվ գործընթացներ տեղի են ունեցել նաև այդ ժամանակաշրջանում։ Մենք այդ ժամանակաշրջանի նրա տեսակետներին ծանոթ չենք։

– Այդ լռությունն ինքնին խոսուն չէ՞։

– Խոսուն է։ Եվ ասում է այն մասին, որ այն ժամանակ նա միգուցե այնքան էլ դեմ չի եղել վարվող առնվազն ներքին քաղաքականությանը։

Տեսանյութեր

Լրահոս