ԱՍԵԱՆ-ի երկրներն ԱՄՆ-ին և Իրանին կոչ են արել պահպանել հրադադարը և շարունակել բանակցությունները

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրներն Իրանի շուրջ ստեղծված իրադրության մեջ ներքաշված բոլոր կողմերին կոչ են անում պահպանել հրադադարի ռեժիմը և հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ​​ճանապարհով: Այս մասին ասվում է մերձավորարևելյան կարգավորման հարցի շուրջ համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է Ֆիլիպինների Սեբու քաղաքում միավորման 48-րդ գագաթնաժողովի ընթացքում:

«Մենք բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք արել կատարել այն պայմանները, որոնք նպաստում են հրադադարի ռեժիմի լիակատար և արդյունավետ պահպանմանը՝ ցուցաբերելով առավելագույն զսպվածություն, դադարեցնելով բոլոր մարտական գործողությունները և զերծ մնալով իրավիճակը սրող ցանկացած գործողությունից: Մենք ընդգծել ենք տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման, միջազգային իրավունքի նորմերի պահպանման, ինչպես նաև հակամարտությունների ու լարվածության կարգավորման գործում իրական երկխոսության և դիվանագիտության խթանման կարևորությունը, ներառյալ Մերձավոր Արևելքի բոլոր ճակատներում ռազմական գործողությունների լիակատար և անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը», – նշվում է ասոցիացիայի կայքում հրապարակված փաստաթղթում:

Հայտարարության մեջ նշվում է, որ միավորման անդամներն ընդգծել են էներգակիրների և առաջին անհրաժեշտության ապրանքների, ներառյալ պարենի, գյուղատնտեսական նյութերի, դեղագործական արտադրանքի և տրանսպորտային վառելիքի անխոչընդոտ հոսքի պահպանման անհրաժեշտությունը՝ տնտեսական կայունության ապահովման նպատակով։

ԱՍԵԱՆ-ը հիմնադրվել է 1967 թվականին և ներկայում միավորում է Հարավարևելյան Ասիայի 11 երկիր՝ Բրունեյը, Վիետնամը, Արևելյան Թիմորը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը և Ֆիլիպինները: Ասոցիացիայի առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 1976 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031