45 մլն դրամից ավելի եկամուտ, 5 անշարժ գույք և շուրջ 12 մլն դրամ արժեքով պարտատոմս. Սրբուհի Գալյանի հարստացման տեմպերը
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 2025 թվականին 45 միլիոն 202,134 դրամ եկամուտ է ստացել․ օրերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Դատախազությունից ստացած նրա աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ կազմել են 26 միլիոն 690,752 դրամ, տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը՝ 104 հազար 140 դրամ, ստացված փոխառությունները (վարկերը)՝ 12 միլիոն դրամ, «այլ եկամուտներ» գրառմամբ նախկին ամուսնուց ստացած եկամուտը՝ 1 միլիոն 200,000 դրամ, ՊԵԿ-ից եկամտային հարկի վերադարձը՝ 4,446,370 դրամ, Երևանի պետական համալսարանից ստացած աշխատավարձն ու դրան հավասարեցված վճարումները՝ 760,872 դրամ։
Տարեսկզբին և տարեվերջին Սրբուհի Գալյանը տիրապետել է 5 անշարժ գույքի․ 2 հողամասի, 2 բնակարանի և 1 անհատական բնակելի տան, որոնցից երեքի դեպքում միանձնյա սեփականատերն ինքն է, մյուս երկուսի դեպքում՝ համատեղությամբ։
Ի դեպ, նախորդ տարի պաշտոնյան նշել էր 4 անշարժ գույքի մասին՝ 1 բնակարանով պակաս։
2025 թվականի դեկտեմբերին պաշտոնյան ձեռք է բերել ъՅունիբանկ ԲԲԸЪ-ի պարտատոմսեր, որոնց արժույթը տարեվերջին կազմել է 11 միլիոն 998,005 դրամ։
Բանկային մնացորդները տարվա ընթացքում աննշան աճեր են ունեցել․ ընդհանուր ծավալը տարեվերջին փոքր-ինչ գերազանցել է 3 միլիոն դրամը։ Կանխիկ միջոցները ևս աճեր են ունեցել․ տարեսկզբին դրանք կազմել են 2 միլիոն 700,000 դրամ և 5000 դոլար, իսկ տարեվերջին՝ 2 միլիոն 900,000 դրամ և 5300 դոլար։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ մի դեպքում՝ կազմել է 31,279,125 դրամ, վարկի նպատակ է նշվել բնակարանը, մյուս դեպքում՝ 5,950,214 դրամ։
Պաշտոնյան տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղել է 5,336,474 դրամ։
Ըստ հայտարարագրի՝ նա 11,998,005 դրամ միանվագ ծախս է կատարել՝ չհանրայնացնելով ծախսի բովանդակությունը։ Նկատենք, սակայն, որ սա հավանաբար հենց պարտատոմսերի գնումն է, քանի որ գումարի չափը նույնն է նշվել։
2024 թվականին նախարար Գալյանը 33,8 մլն դրամ եկամուտ էր ստացել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ այս գումարի մեծ մասը Դատախազությունից ստացած նրա աշխատավարձն է՝ 25 մլն դրամ, աշխատավարձ է ստացել նաև նախարարությունից (պաշտոնը ստանձնել է 2024-ի նոյեմբերի 5-ին), ևս 3,1 մլն դրամ, Արդարադատության ակադեմիայից՝ 1 մլն դրամ, Երևանի պետական համալսարանից՝ 390,000 դրամ, ևս մոտ 2,5 մլն դրամ ստացել է ՊԵԿ-ից՝ հիփոթեքի եկամտահարկի վերադարձ, 716,000 դրամ այլ եկամուտ՝ «Ակբա բանկ»-ից, 1 մլն դրամ՝ նախկին ամուսնուց՝ Պետրոս Մկրյանից։
Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայության Իրավական ապահովման բաժնում տարբեր պաշտոններ զբաղեցնելուց հետո՝ Նիկոլ Փաշինյանը 27-ամյա Սրբուհի Գալյանին դեռ 2019 թվականի հուլիսին նշանակել էր արդարադատության նախարարի տեղակալ, ապա՝ Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ։ Արդարադատության նախարարի պաշտոնում էլ Սրբուհի Գալյանին առաջադրել է Փաշինյանի թիմը՝ ՔՊ-ն։
Հավելենք, որ Սրբուհի Գալյանը ևս, ըստ հայտնի ցուցակի, խոշոր պարգևավճար ստացողների թվում էր եղել։
«Մոտ 6-7 միլիոնի կարգի՝ հարկերը հանած, հավելավճար եմ ստացել։ Սա հավելավճար է, որը հանրության աչքին երևալու է՝ որպես միանվագ գումար, որը տրամադրվել է նախարարին՝ իմ դեպքում, սա ամբողջ տարվա համար վարձատրություն եմ համարում»,- ասել էր նա։



