Եվրախորհրդի ղեկավարը կոչ է արել ԵՄ-ին պահպանել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ
Եվրոպական առաջնորդները պետք է փորձեն պահպանել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ՝ չնայած Վաշինգտոնի կողմից երբեմն հնչող քննադատական հռետորաբանությանը, Ֆլորենցիայում ելույթ ունենալով՝ հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան։
«Մենք պետք է փորձենք պահպանել այն, ինչ ունենք (ԱՄՆ-ի հետ հարաբերություններում)… և մենք ջանում ենք պահպանել հանգստությունը և շարունակել գործել», – Կոշտայի խոսքերը փոխանցել է Financial Times թերթը։
ԵՄ առաջնահերթությունն է՝ «կայունացնել առևտուրը, կայունացնել իրավիճակը ՆԱՏՕ-ում և բոլորին ներգրավված պահել», – հավելել է Կոշտան՝ ամփոփելով. «այսպիսին է մեր մոտեցումը»։
Խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրամիությանը ուղղված քննադատական դիտողությունների մասին՝ Կոշտան հեգնանքով ԵՄ-ի կողմից դրանց չպատասխանելու ցանկությունը կապել է միավորման տարիքի հետ։
«Մենք ստեղծվել ենք 1950-ականներին… Մենք այնքան էլ լավ չենք սոցիալական ցանցերում։ Մենք նախընտրում ենք չպատասխանել յուրաքանչյուր թվիթի», – նշել է քաղաքական գործիչը։
Թրամփը մայիսի 1-ին հայտարարել էր ԵՄ-ից ներկրվող ավտոմեքենաների և բեռնատարների վրա 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին՝ դա հիմնավորելով նրանով, որ Եվրամիությունը չի կատարում ԱՄՆ-ի հետ առևտրային պայմանավորվածությունները։
Հինգշաբթի ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ զրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ և համաձայնել է մինչև հուլիսի 4-ը նրան ժամանակ տալ, որպեսզի Բրյուսելը կատարի առևտրային գործարքի իր մասը։



