Ռուբիոն Հռոմում հանդիպել է Իտալիայի վարչապետի և արտգործնախարարի հետ
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Հռոմում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը»։
Ռուբիոն Իտալիայում է երկօրյա այցով։ Գործակալությունը հիշեցնում է, որ հանդիպումը տեղի է ունենում Իրանի դեմ պատերազմի հարցում տարաձայնությունների ֆոնին։
Նշվում է, որ Ռուբիոյի և Մելոնիի քննարկման օրակարգում է Պարսից ծոցում իրավիճակը, ռուս-ուկրաինական հակամարտությունը, եվրոպական ապրանքների նկատմամբ ամերիկյան մաքսատուրքերը, իրադրությունը Կուբայում։
Նախքան Մելոնիի հետ հանդիպումը Ռուբիոն հանդիպել է Իտալիայի փոխվարչապետ և արտգործնախարար Անտոնիո Տայանիի հետ։
«Ես հավատացած եմ, որ Եվրոպան Ամերիկայի կարիքն ունի, Իտալիան Ամերիկայի կարիքն ունի, բայց Միացյալ Նահանգները նույնպես ունի Եվրոպայի և Իտալիայի կարիքը», – ասել է Տայանին լրագրողներին։
Ըստ պետքարտուղարության հայտարարության՝ Ռուբիոն և Տայանին քննարկել են երկկողմ համագործակցությունը, միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները։
«Պետքարտուղար Ռուբիոն քննարկել է միջազգային ջրային ուղիներում նավագնացության ազատության և ծովային անվտանգության խթանման ջանքերը: Նրանք անդրադարձել են Ուկրաինայում պատերազմի լուծման կարևորությանը: Պետքարտուղարը շեշտել է Արևմտյան երկրների կողմից իրենց տնտեսական շահերը պաշտպանելու անհրաժեշտությունը», – հավելել է գերատեսչությունը:
Մայիսի 7-ին Ռուբիոն Վատիկանում հանդիպել էր Հռոմի Լևոն XIV պապին՝ քահանայապետի և ԱՄՆ նախագահի միջև մի շարք հարցերի շուրջ լարվածության ֆոնին։



