Միացյալ Նահանգները Հայաստանին կարգելի՞ զենք ձեռք բերել Ռուսաստանից

«Ամերիկյան պատժամիջոցները չեն կարող արգելել ռուսական զենքի վաճառքը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ռուսական ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ ամերիկյան նոր պատժամիջոցներին:

Հիշեցնենք, որ Ամերիկայի Արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկն օրերս նշել է, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ կարող են այլ երկրների զերծ պահել ռուսական զենքի գնումներից. «Վատ չէր լինի, եթե ռուսական զենքերը դադարեին Հարավային Կովկաս գալ, միգուցե դա կողմերին կօգներ խաղաղության հասնել»:

Բլանկի խոսքով, թեև հավանաբար պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների համար որոշակի բացառություններ կարվեն, այնուամենայնիվ, Ռուսաստանից խոշոր քանակությամբ զենք գնողները, այդ թվում և՝ Ադրբեջանն ու Հայաստանը, կարող են անակնկալների հանդիպել. «Ընդհանրապես, հնարավոր է պատժամիջոցների ենթարկել ամբողջ մի կառավարություն»:

Մեկնաբանելով Բլանկի մտորումները՝ ռուս վերլուծաբանն ասաց, որ ռուսական զենքի ներկայությունը Հարավային Կովկասում չի նպաստում հակամարտության չկարգավորմանը, քանի որ ռուսական զենքի փոխարեն՝ Հարավային Կովկասում կարող էր հայտնվել զենք ցանկացած զենք արտադրող երկրից, քանի որ կողմերը ռազմական հակամարտության մեջ են և պատրաստվում են պատերազմի:

Ըստ նրա՝ զենքի վաճառքը լուրջ բիզնես է Ռուսաստանի համար:

«Այս դեպքում, Ռուսաստանն առաջին հերթին՝ բիզնեսով է զբաղվում, երկրորդ հերթին՝ քաղաքականությամբ՝ իր ազդեցությունն է պահպանում տարածաշրջանում: Բայց Արևմուտքը պետք է հիշի, որ պատերազմական բոլոր գործողությունների դադարեցման կենտրոնում հենց Ռուսատանն է եղել, Ռուսաստանի միջամտությամբ չզարգացան նաև ապրիլյան գործողությունները, իսկ հակամարտությունը չի կարգավորվում, որովհետև կողմերը դա չեն ցանկանում, նրանք պատրաստվում են պատերազմի: Ընդհանրապես լավ կլիներ, որ Հարավային Կովկաս զենք չմատակարարվեր ընդհանրապես, բայց այդպես չի կարող լինել, կողմերն ամեն դեպքում գնելու են զենքը, քանի որ պատերազմ այդ հակամարտության գոտում կարող է բռնկվել ցանկացած պահի, նույնիսկ՝ զինվորական սխալի պատճառով»,- ասաց Պավել Ֆելգենգաուերը:

Ֆելգենգաուերի խոսքով՝ եթե ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցներ են սահմանվում, նրանք ստիպված են լինելու գործել սահմանափակումների պայմաններում:

Նա նշեց, որ դեռ ուսումնասիրում են, թե ինչ հետևանքների են հանգեցնելու այդ պատժամիջոցները: Բայց, նրա համոզմամբ, այդ պատժամիջոցները չեն կարող արգելել ռուսական զենքի վաճառքն ընդհանրապես և հատկապես՝ Ադրբեջանին ու Հայաստանին:

«Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ ԱՄՆ-ը կարող է զենք գնող երկրների դեմ ևս պատժամիջոցներ սահմանել, ապա նման միջոցներ տեսականորեն հնարավոր են, և դա Թրամփի վարչակազմը կկիրառի այն երկրների դեմ, որոնց հետ ԱՄՆ վարչակազմը այլ խնդիրներ ևս ունի, հատկապես, երբ հակված է որոշ երկրների ԱՄՆ ֆինանսավորումից զրկելուն: Օրերս ԱՄՆ-ը զրկեց մի քանի երկրների ֆինանսավորումից: Դա ևս պատժամիջոց է: Տպավորություն է, որ Թրամփին պատճառ է պետք ֆինանսավորման կրճատման կամ վերացման համար: Սակայն Հարավային Կովկասը նուրբ թեմա է, պատահական չեն ԱՄՆ-ի ֆինանսավորումները:

Առանց այդ ֆինանսավորման՝ ԱՄՆ-ը լիովին դուրս կմղվի տարածաշրջանում իր ներկայությունից և ազդեցությունից: Չեմ կարող ասել, թե որքանով է սա հնարավոր Հայաստանի դեպքում, քանի որ դա կախված է երկկողմ հարաբերություններից, այսինքն՝ հայ-ամերիկյան հարաբերությունների որակից, ամեն դեպքում զգուշացումը հնչել է, թե որքանով լուրջ հետևանքներ կունենա՝ չեմ կարող ասել»,- ասաց Ֆելգենգաուերը:

Տեսանյութեր

Լրահոս