Վարչապետի հարցը արդեն պարզ է. «ՀԺ»

Վարչապետի առաջիկա ընտրությունների, հնարավոր թեկնածուների ու Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման մասին «Հայկական ժամանակ» թերթի հարցերին պատասխանել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Վերջինս կարծում է՝ միանշանակ, Սերժ Սարգսյանն է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը:

– Պարոն Սաֆարյան, վերջերս «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը դրական խոսեց ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության եւ նրա անձի մասին՝ նշելով,  որ վերջինս իր համար ընդունելի եւ օգտակար անձնավորություն է: Ի՞նչ մեսիջ էր պարունակում այս խոսքը, արդյո՞ք դա նշանակում է, որ չի բացառվում՝ վարչապետի ընտրություններում Կարեն Կարապետյանը լինի ՀՀԿ-ի թեկնածուն:

– Ես կարծում եմ վարչապետի հարցը արդեն պարզ է: Կարծեք թե, վարչապետի տեղում ավելի շատ կարող է Սերժ Սարգսյանը լինել: Այլ բան է, որ Սերժ Սարգսյանը նման ուղերձներ հղում է Կարեն Կարապետյանին նրա համար, որ վերջինս համաձայնի դառնալ առաջին փոխվարչապետ:

– Gallup International Association-ի անցկացրած վերջին հարցումները ցույց տվեցին, որ Կարեն Կարապետյանի վարկանիշն ընկել է: Ի՞նչ հակասություն կա այդ հարցումների ու Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարության միջեւ:

– Ոչ մի հակասություն չկա: Իրականում, ուղղակի, հարցումները ցույց են տալիս, որ Կարեն Կարապետյանը որպես վարչապետ, չի ձգում, իսկ այ, Սերժ Սարգսյանը կարծում է, որ որպես իր տեղակալ լավը կլինի:

– Պարոն Սաֆարյան, իսկ ի՞նչ են ցույց տալիս Ձեր վերլուծությունները, եթե ո՛չ վարչապետ, ապա կառավարությունում ի՞նչ ազդեցիկ պաշտոնում կլինի Սերժ Սարգսյանը, որտե՞ղ կցանկանա շարունակել իր «ծառայությունը», ինչպես ինքն է նշում հարցազրույցում:

– Բացի վարչապետից ուրիշ ոչ մի: Նախագահ չի դառնա, իսկ կառավարությունում այլ պաշտոն չի զբաղեցնի: Կարող է միայն մի պահ որոշել կարճաժամկետ մնալ կուսակցության նախագահ:

– Շատ է խոսվում նաեւ, որ կարող է դառնալ պաշտպանության նախարար: Ի՞նչ կասեք սրա մասին:

– Դա բացառվում է ուղղակի: Նա չի կարող մնալ եւ աշխատել որեւէ մեկի կամ Կարեն Կարապետյանի ենթակայության տակ: Նման բան ուղղակի բացառված է: Որեւէ նախարարի, թեկուզ եւ ուժային, բացառում եմ: Ես ճիշտ հակառակն եմ տեսնում, որ նա կնախընտրի լինել վարչապետ՝ իր վրա վերցնելով ռազմական եւ արտաքին քաղաքականության ուղիղ ղեկավարումը, ի դեմս այդ բլոկի նախարարների, իսկ տնտեսական բլոկը կթողնի, հավանաբար, Կարեն Կարապետյանին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս