Նալբանդյանը բանակցությունների է մեկնում «բրոնեժիլետ» հագած. «չափալախ»՝ Իլհամ Հեյդարովիչի համար. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ժողովուրդն ասում է. «Ծուռ նստենք, դուզ խոսենք»: Փորձենք: Կենտրոնացել ենք ԵՄ համաձայնագրի, դրանից բխած վիզային եւ «այլ» հմայքների վրա, սակայն նոյեմբերի 30-ին ՀԱՊԿ-ի ընդունած հայտարարությունը պակաս «հմայիչ» չէ:
Կարելի էր փոքր-ինչ հեռուն գնալ եւ ռուսական «փորձագիտական լեզվով» արձանագրել, որ դրանով լեգիտիմացվեց հայ-ռուսական «ամուսնությունը»` անչափ բարձր մակարդակով. ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Ադրբեջանի սիրելի «տիկնանց»` Ղազախստանի, Բելառուսի եւ մնացյալի ձեռամբ` հավաստելով ոչ միայն ՀԱՊԿ-ի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ-ին, այլեւ` Հելսինկյան եզրափակիչ ակտին, այդ թվում` Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնեւի հանդիպումներում տեղի ունեցած պայմանավորվածություններին:
Եվ այդ ամենը` Նալբանդյան-Մամեդյարով սպասվող հանդիպումից «վայրկյաններ» առաջ: Ասել է` Նալբանդյանը բանակցությունների է մեկնում ԵՄ-ՀԱՊԿ «բրոնեժիլետ» հագած: Ինչն ուղղակի «չափալախ» էր վերջերս Յուրոփից «լվացված-քամված» Իլհամ Հեյդարովիչի համար:
Պատժո՞ւմ է Ռուսաստանն Ադրբեջանին: Անշու՛շտ: ԵԱՏՄ չմտնելո՞ւ համար: Նաեւ: «Լավրովի ծրագիրը» տապալելու, ռուս խաղաղապահների մուտքը տարածաշրջան տորպեդահարելու՞ համար: Բա իհա՛րկե:
Ընդ որում, հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ում այսօր նախագահում է Հայաստանը: Հետաքրքիր օրինաչափությամբ` ՀԱՊԿ-ը, որը «տազ» արած, տարիներ շարունակ ձեն-ծպտուն չէր հանում սահմանային դեպքերի, գնդակոծվող գյուղերի ճանապարհների-շեների մասով, մեկ էլ ու հարգարժան Բորդյուժայի շուրթերով, ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանին «հանձնելու» վերջին պահին կիրառեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը:
Սա առնվազն գիլիոտին էր Ադրբեջանի համար, եթե ոչ` ավելին: Ու հիմա նույն ՀԱՊԿ-ը բավականին հետաքրքիր հայտարարություն ընդունեց` Հայաստանի նախագահության «օրերին», ինչը ոչ միայն սանձում է Ադրբեջանի դիկտատորի գազանային, պատերազմական «տենչերը», այլեւ խոր ֆիասկո պարտադրում նրան գեոքաղաքական խաղի առումով, մանավանդ երբ այս ամենին գումարվում է Էրդողանի` ղարաբաղյան խնդրում առ Պուտին ունեցած խոր «հուսալքությունը»:
Եվ քանի որ «ծուռ նստել, դուզ ենք խոսում», ասենք նաեւ, որ Էրդողանին այս փուլում հաստատապես չեն հուզում Ալիեւն ու վերջինիս «ղարաբաղյան տենչերը»։ Էրդողանը բոլորովին, անչափ ծավալուն այլ օրակարգ ունի Պուտինի եւ Ռուսաստանի հետ, ուստի նաեւ այս «գետնին վրա» է Ալիեւը մեկուսացած ու «լքյալ»:
Ի դեպ, ԵՄ համաձայնագիրը, ՀԱՊԿ բավականին կարեւոր հայտարարությունն ուղեկցվեցին է՛լ ավելի հետաքրքիր բաղադրիչով. այդ երկրորդությունը Սերժ Սարգսյանի կողմից երրորդվեց դեպ Արցախ «մարշով». ՀԱՊԿ-ից անմիջապես վերադարձած Սերժ Սարգսյանը փութաց Արցախ` տարին ու շրջանը եզրափակող զորավարժությունների:
Ընդ որում, բավականին հետաքրքիր եւս մեկ բան տեղի ունեցավ այս օրերին. արդեն ներքաղաքական (չնայած` ոչ միայն) բնույթի` փակելով շրջանը:
Հայոց դատական դահլիճում, Նորք-Մարաշի զինված խմբի հայտնի գործի շրջանակներում, հնչեց Վահան Շիրխանյանի եւ խմբի կազմակերպիչ Արթուր Վարդանյանի զրույցի ձայնագրությունը, որից ածանցված հարցերն ավելի շատ են, քան ենթադրվող պատասխանները: Նախ` ինչո՞ւ հիմա եւ ի՞նչ նպատակով հնչեց ձայնագրությունը:
Չէ, հեռուն չենք գնում այն «բաղդատելու» ԵՄ համաձայնագրի, ՀԱՊԿ հայտարարության հետ, ելնելով նրանից, որ շատերն էին գուցե սպասում, որ ԵՄ համաձայնագիրը եւ սպասվող ղարաբաղյան զարգացումները հնարավոր է եւ լուրջ պայթյունի հիմք լինեին, որի վրա էլ նրանք, առանց վայրկյան կորցնելու, կտաքացնեն իրենց ձեռքերը, սակայն, ի փառս Աստծո, չեղան «նման բաներ», եւ հիմա ճիշտ ժամանակն է հասկացնելու` «որտեղ են ձմեռում խեցգետինները», եւ ինչու այս անգամ նրանք այդպես դաժանորեն «ամառեցին»։
Ինչո՞ւ ՕՐՕ դաշինքը ձայն-ծպտուն չի հանում այդ ձայնագրության առնչությամբ, ինչու լուռ է նաեւ մեր կողմից անչափ հարգված պարոն Սեյրան Օհանյանը: Լուռ է անգամ գերակտիվ տիկին Ռուզան Խաչատրյանը… Հարցերը շատ են։
Բայց ցավն ու ափսոսանքը է՛լ ավելի շատ են»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում: