«Բանակցային գործընթացին մաս կազմելու Թուրքիայի փորձերն այս անգամ ևս կտապալվեն». Ռուբեն Սաֆրաստյան
«Թուրքիայի ԱԳ նախարարի նման հայտարարությունն առաջինը չէ։ Այս տարիների ընթացքում Թուրքիան բազմիցս փորձել է որոշակի նախաձեռնություններով հանդես գալ՝ ի օգուտ Ադրբեջանի՝ Արցախի հարցի կարգավորման գործընթացում։ Թուրքիան փորձել է խցկվել ՄԽ համանախագահողների կազմի մեջ։ Բայց ինչպես մեզ հուշում է այս տարիների փորձը՝ Թուրքիայի ջանքերն ավարտվել են անհաջողությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Թուրքիան քայլեր է ձեռնարկում ղարաբաղյան խնդրի կարգավորման և «Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրելու» համար»։
Թուրքագետը համոզված է՝ բանակցային գործընթացին մաս կազմելու Թուրքիայի փորձերն այս անգամ ևս կտապալվեն. «Կտապալվեն ոչ միայն այն պատճառով, որ Թուրքիան ակնհայտորեն պաշտպանում է Ադրբեջանին, այլև այն պատճառով, որ ՄԽ համանախագահողները, իրենց վրա վերցնելով բանակցային գործընթացում միջնորդի կարգավիճակը, ոչ մի ցանկություն չունեն ընդլայնելու իրենց շրջանակը»։
Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծեց՝ բանակցային գործընթացում չկա առաջընթաց զուտ այն պատճառով, որ Ադրբեջանն այն վիժեցնում է. «Ադրբեջանը ցուցաբերում է իմիտացիոն մոտեցում բանակցային գործընթացին։ Ադրբեջանը ոչ միայն վիժեցնում և իմիտացիոն գործընթացներ է ձեռնարկում բանակցությունների ձևաչափում, այլ նաև ուղղակիորեն կիրառելով ուժ, անընդհատ պրովոկացիաներ կազմակերպելով սահմանամերձ շրջաններում, ըստ էության, ցույց է տալիս, որ ինքը շահագրգռված չէ բանակցային խաղաղ գործընթացով»։
Ինչ վերաբերում է Նախիջևանում պարբերաբար ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժություններին, ապա թուրքագետը նշեց, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան հնարավորություններ են փնտրում այնտեղ ուժեղացնելու իրենց ռազմական ներկայությունը. «Սա մտահոգիչ է մեզ համար։ Աշխարհաքաղաքական զարգացումների ներկա փուլում մեզ համար անմիջական վտանգ չեմ տեսնում, բայց դա պոտենցիալ վտանգ է մեզ համար»։
ՀՀ ղեկավարության կողմից գործադրվող ջանքերը, ըստ Սաֆրաստյանի՝ միանգամայն ադեկվատ են, համապատասխանում են այդ վտանգին. «Մենք պետք է ուժեղ լինենք, որ վախենան մեզ վրա հարձակվել։ Պետք է համաշխարհային հանրությանն ամեն կերպ տեղյակ պահել Նախիջևանում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք վտանգ են ներկայացնում ոչ միայն՝ Հայաստանի, այլև՝ ամբողջ տարածաշրջանի համար»։