Բաժիններ՝

Արվեստը` լուռ շարժում. 20-ամյա գեղանկարիչը 11 տարեկանից նվաճել է տիեզերքը

Asparez.am-ը գրում է. 20-ամյա գեղանկարիչ Միքայել Հարությունյանը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի 2-րդ կուրսի ուսանող է: Միքայելն արդեն հասցրել է լուրջ հաջողությունների հասնել ոչ միայն հանրապետական, այլեւ միջազգային հարթակներում: Նա նկարել սկսել է մանկության տարիներից: Պատմում է, որ տարիների ընթացքում ավելի է հետարքրքվել արվեստով: «Սկսեցի օրվա մեջ նկարելուն ավելի շատ ժամանակ տրամադրել: Մրցույթների էի մասնակցում, հաջողություններս ինձ ավելի էին ոգեւորում»,-ասում է երիտասարդ գեղանկարիչը:

«Ինքնաբացահայտման, ինքնաճանաչողության եմ ձգտում: Նպատակս է գտնել իմ «Ես»-ը: Արվեստն ինձ համար լուռ շարժում է: Այսինքն` շարժում է լռության մեջ: Այս մասին շատ երկար կարելի է խոսել: Արվեստն ինձ համար կյանքն է, որով ես ապրում եմ, փնտրտուքի ճանապարհ է եւ ի վերջո, խորհելու ու մտորելու հիանալի դաշտ»,-ասում է երիտասարդ արվեստագետը եւ ավելացնում, որ իր բոլոր ստեղծագործությունները ոճապես տարբեր են:

«Երբ նոր էի սկսել ստեղծագործել, ինձ ոճերը չէին հետաքրքրում, անում էի այն, ինչ զգում էի ներսից: Աշխատանքներս միմյանցից տարբերվում էին ոճերով, մտածողությամբ: Նախկինում ավելի ազատ էի, անում էի այն ինչ ուզում էի, բայց հետո եկավ մի պահ, երբ զգացի, որ պետք է ուսումնասիրեմ ռեալիստական նկարչությունը, որովհետեւ դա նկարչության այբուբենն է, առանց որի ապագայի հիմքերդ ամուր չեն լինի: Այս պահին դասական նկարչության գաղտնիքներն եմ ուսումնասիրում»,-ասում է Միքայել Հարությունյանը:

Նա չի առանձնացնում իր աշխատանքները:

«Ես որեւէ յուրահատուկ գործ չեմ առանձնացնի իմ աշխատանքներից, որովհետեւ այն, ինչ արել եմ, ինձ համար մեծ ուսումնասիրության մի էտապ է եղել, պրոցես: Լինում է, երբ զգում եմ, որ պետք է ավարտեմ նկարը, ավել ոչինչ չունեմ անելու, բայց հաջորդ օրը զգում եմ, որ նորի ցանկություն կա: Չեմ կարող այս կամ այն գործն առանձնացնել: Միշտ կառանձնացնեմ ա՛յն նկարս, որն ապագայում պետք է անեմ»,-նշում է գեղանկարիչը:

20-ամյա ստեղծագործողն արդեն հասցրել է Հյաստանում երեք անհատական ցուցահանդեսով ներկայանալ, մասնակցել է նաեւ տեղական եւ միջազգային տասնյակ մրցույթների, զբաղեցրել պատվավոր հորիզոնականներ: Միքայելն առաջին հաջողությանն հասել է 11 տարեկանում, երբ 2009 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարած եւ Բյուրականի աստղադիտարանում կազմակերպված «Ես եւ տիեզերքը» խորագրով մրցույթին զբաղեցրել է առաջին տեղը:

2014 թվականին Միքայելը Մոսկվայում մասնակցել է Հոլոքոստին նվիրված 9-րդ միջազգային մրցույթին, որտեղ, ներկայացնելով «Կոտրված մանկություն» կտավը, կրկին առաջին տեղն է զբաղեցրել: Հետագայում կտավը տեղ է գտել գրքերի շապիկներին, ամսագրերում և համացանցում լայն տարածում ունեցել:

Միքայելի հայրական տունն այժմ պատկերասրահի է վերածվել: Նախասրահից մինչեւ տան վերջին սենյակի պատերին երիտասարդի աշխատանքներն են, հատկապես աչքի է ընկնում «Հայաստան» կտավը:

«Գնացել էի Սյունիքի գյուղերից մեկը՝ Շիշկերտ: Տպավորվել էի, հենց վերադարձա, նկարեցի սա: Հեռվում Խուստուփ լեռան հարավային մասն է: Նժդեհն է թաղված Խուստուփում»,- նկարին նայելով` պատմում է Միքայելը:

Գեղանկարչի ստեղծագործություններն այժմ ցուցադրվում են Կոմիտասի անվան թանգարանի ինստիտուտում, Սանկտ-Պետերբուրգի Բորիս Ելցինի անվան նախագահական թանգարանում եւ աշխարհի 11 երկրների մասնավոր հավաքածուներում, մասնավորապես` ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Չինաստանում, Գերմանիայում , Բելգիայում, Նիդերլանդներում, Կիպրոսում, Իսրայելում:

Ամերիկյան հայտնի «La Cohoba Magazine» ամսագիրը 2015 անդրադարձել է Միքայել Հարությունյանի ստեղծագործական կյանքին: Ամսագրի կուբացի խմբագիրը պատահական հայազգի հանրահայտ ջազ դաշնակահար եւ աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող AVO ֆիրմայի սիգարներ ստեղծող Ավո Ուվեզյանի տանը տեսնում է Ավոյի դիմանկարը, որի հեղինակը Միքայելն է, եւ գտնելով հայազգի տաղանդավոր գեղանկարչին, ամսագրի առաջին մի քանի էջն հատկացնում է նրա ստեղծագործություններին:

Նարեկ Կիրակոսյան

Լուսանկարները՝ Միքայել Հարությունյանի

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս