«Եթե չկա եվրոպական արժեհամակարգի սպառողը, ապա դժվար է խոսել ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարից». Լուկիանով

«Համաձայնագրի իրականացման ընթացքից պարզ կդառնա՝ արդյո՞ք Հայաստանն իսկապես պատրաստ է ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր մակարդակին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը և ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարին:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 23-ին, աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում նոյեմբերի 23-24-ը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովներին: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ այցի շրջանակներում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի թագավոր Ֆիլիպի և վարչապետ Շառլ Միշելի հետ:

Ակնկալվում է, որ այս գագաթաժողովի շրջանակում կստորագրվի ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը:

Ֆյոդոր Լուիյանովը կարծիք հայտնեց, որ համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա հենց գագաթաժողովի շրջանակում, քանի որ, նրա խոսքով, դրա ստորագրումը հետաձգելու կարիք և պատճառ չկա ո՛չ Երևանում, ո՛չ Բրյուսելում և ո՛չ էլ Մոսկվայում:

«Ռուսաստանն ըստ էության դեմ չէ նման համագործակցություններին, եթե Ռուսաստանի շահերը դրանում հարգվում են, և, ընդհանուր առմամբ, Ռուսաստանին հարգում են, փաստերի առջև չեն կանգնեցնում ու անակնկալներ մատուցում: Հայաստանն այս փուլում պահպանեց այդ էթիկան, հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները և Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը հաշվի են առնվել նոր փաստաթղթում, Սերժ Սարգսյանը Բրյուսելից առաջ եղավ Մոսկվայում, վստահաբար այս հարցը քննարկվել է, և Ռուսաստանը հայտնել է իր դիրքորոշումը, որը դրական է: Ռուսաստանը կողմ է ՀՀ-ԵՄ համագործակցությանը, սակայն ողջ ծավալով համատեղել ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն հնարավոր չի լինի, և դա Հայաստանը գիտի:

Սակայն այստեղ  այլ հարցեր են ինձ մոտ առաջանում` որքանո՞վ է Հայաստանը պատրաստ ընթանալ եվրոպական բարեփոխումների ճանապարհով, որքանո՞վ է դրան պատրաստ Հայաստանի քաղաքական համակարգը, քաղհասարակությունն ու հասարակությունը, որքանո՞վ այդ բարեփոխումների պահանջարկն ունեն հասարակությունը և քաղաքական ուժերը: Հայաստանի քաղաքական համակարգը պատրա՞ստ է և ցանկանո՞ւմ է արդյոք ԵՄ-ի հետ մերձեցումը, Հայաստանում ավելի շատ են ռուսամետ քաղաքական ուժերը, քան եվրոպամետ, սա կարևոր հանգամանք է, քանի որ այդ պահանջարկը թելադրողը պետք է լինի, եթե չկա եվրոպական արժեհամակարգի սպառողը, ապա դժվար է խոսել ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարից: Եթե Հայաստանում ավելի շատ սպառում են եվրասիական արժեքներ, ապա դժվար է պատկերացնել այս համաձայնագրի իրականացման ընթացքը»,- ասաց Լուկիանովը:

Ռուս քաղաքագետը նշեց, որ համաձայնագրի ստորագրումը կարևոր է, բայց առավել էական է դրա իրականացումը, որի ընթացքից պարզ կդառնա՝ արդյո՞ք Հայաստանն իսկապես պատրաստ է ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր մակարդակին:

Լուկիանովի կարծիքով՝ Հայաստանը չի կարողանալու իրականացնել բարեփոխումների այն փաթեթը, որը Եվրամիությունն է առաջարկում, ինչը կնշանակի, որ այս համաձայնագրով կբավարարվեն եվրոպացիները, քանի որ հարաբերությունների խորացումը պահանջում է ԵՄ-ից ավելի մեծ ծախսեր, որոնք ԵՄ-ն կանի միայն բարեփոխումների անկեղծ ցանկություն տեսնելուց հետո: «Այս համաձայնագիրը կարծես փորձություն կլինի ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագայի համար: Ռուսաստանը կհետևի այդ ընթացքին, կարծում եմ՝ Կրեմլը հարցն այս դիտանկյունից է ընկալում»,- ասաց Լուկիանովը: Նրա խոսքով՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագան կասկածելի է քաղաքական համակարգի ներկայիս որակով:

Տեսանյութեր

Լրահոս