«Միլիարդավոր ծրագրեր կան». Արթուր Ջավադյան
«Վարկային ռիսկը գնահատում են բանկերը։ Իհարկե, գյուղացիական վարկային շատ ծրագրեր կան, որ սահմանային գյուղերի բնակիչները սուբսիդավորվում են ավելի ցածր տոկոսով, քան մնացածը, բայց վարկային ռիսկը, պարզ է, գնահատում են այն սուբյեկտները, որոնք տրամադրում են վարկեր»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ մեկնաբանելով օրերս ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե սահմանամերձ համայնքների ձեռնարկություններին բանկերն ավելի բարձր տոկոսով են վարկավորում՝ ռիսկայնության պատճառով։
Ըստ ԿԲ նախագահի՝ այդ ռիսկային տոկոսի չափը 10% չէ, կարող է 1-2 % լինել։
Դիտարկմանը, որ կառավարության քաղաքականությունը միտված էր նրան, որ տոկոսադրույքն ավելի ցածր լինի և ոչ թե բարձր, Ա.Ջավադյանը պատասխանեց, որ խոսքը սուբսիդիաների մասին էր, և կառավարությունն այդ քաղաքականությունը տանում է սուբսիդիաներով. «Նախկինում մենք ունեինք ծրագրեր, որոնք երկարաժամկետ գործող ծրագրեր են, ու բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ արդեն օգտվել են այդ վարկերից և 6%-ով սուբսիդավորվել են»։
Հարցին՝ եթե կան նման ցածր տոկոսադրույքով վարկեր, ինչո՞ւ են մարդիկ ստիպված բարձր տոկոսով վերցնում, ԿԲ նախագահը պատասխանեց, որ խոսքը ձեռնարկությունների մասին չէ, այլ գյուղացիական տնտեսությունների։
«Հիմա կառավարությունը հատուկ պայմաններ է ստեղծել, որպեսզի ձեռնարկությունները զարգանան, քանի որ ռիսկերից ելնելով՝ ձեռնարկություններն այնտեղ շատ քիչ են։ Հիմա հատուկ տնտեսական պայմաններ են ստեղծվել հենց այդ ձեռնարկությունների համար, որ ձեռնարկություններ ստեղծվեն։ Երբ ստեղծվեն, կառավարությունը համապատասխան ծրագեր կվերանայի և կսուբսիդավորի ավելի շատ»,- ասաց Ա.Ջավադյանը։
Նա հավաստիացրեց, որ առաջիկայում սահմանին բիզնեսների քանակը ոչ թե՝ կպակասի, այլ՝ կավելանա. «Իհարկե, կառավարությունը վերջերս հայտարարել է, որ սկսելու է նման ծրագրեր անել»։
Թե ե՞րբ տեսանելի կլինի արդյունքը, ԿԲ նախագահը դժվարացավ պատասխանել և հորդորեց դիմել համապատասխան պատկան մարմիններին։
«Բանկերը վարկավորում են, բայց ունեն իրենց ռիսկերը, ունեն ավանդատուներ հենց այդ սահմանային շրջաններից և պետք է գնան մինիմալ ռիսկի ճանապարհով։ Իրենց ռիսկերն իրենք են գնահատում։ Բայց լավ նախագծերը, անկախ վայրից, վարկավորվում են։ Նույն Ղարաբաղը, որ ամբողջությամբ սահմանամերձ գոտի է, բազմաթիվ, միլիարդավոր ծրագրեր կան Ղարաբաղի բանկերի կողմից։ Եվ ես վստահեցնում եմ ձեզ, որ նաև այստեղ՝ թե՛ Արարատի մարզում, թե՛ Տավուշի մարզում, որոնք նույնպես սահմանամերձ գոտիներ են, շատ լուրջ ծրագրեր ֆինանսավորվում են»,- ասաց ԿԲ նախագահը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կան արտադրական ձեռնարկություններ, որոնք գտնվում են անմիջապես հայ-ադրբեջանական սահմանի վրա, և պարզվում է, որ այդ ձեռնարկությունների ներկայացուցիչները գնում են բանկերից վարկ վերցնելու, նրանց ոչ միայն ավելի ցածր տոկոսով չեն վարկ տրամադրում, այլ ընդհակառակը՝ տոկոսը բարձրացնում են՝ պատճառաբանելով, որ՝ դուք ռիսկային գոտում եք, ցանկացած արկից ձեր ձեռնարկությունը կարող է փլուզվել, ավերվել: «Սա մի թեմա է, որը հրատապ կերպով պետք է քննարկվի: Տարբերակներից մեկը, որ կառավարությունը վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորի»,- նշել էր Փաշինյանը: