«Սարգսյանն Ադրբեջանին տհաճ անակնկալ մատուցեց». Տարասով

«ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը ծանր է առաջ ընթանում, համապատասխանաբար՝ ուղեկցվելով սադրանքներով, քանի որ բանակցությունների իրական բովանդակությունը չի հրապարակվում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում բռնկված լարվածությանը, հետժնևյան պաշտոնական հայտարարություններին:

Հիշեցնենք, որ Ժնևյան բանակցություններից անմիջապես հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շվեյցարահայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ասել էր. «Ուզում եմ՝ բոլորը վստահ լինեն` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»: Հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, չէր գոհացրել Ադրբեջանի իշխանություններին, որոնք Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի միջոցով ՀՀ նախագահին մեղադրեցին պայմանավորվածությունները խախտելու մեջ: Մամեդովն իր թվիթերյան էջում գրել էր, որ ժնևյան բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնել են, որ, ամփոփիչ հայտարարությունից բացի, այլ հայտարարություններ չեն լինելու:

«Սերժ Սարգսյանը նման խոստում է տվել, որը, սակայն, չի պահել»,- ասել էր Մամեդովը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նոր ծրագրի մեկնարկի առաջին նիստի իր ելույթի ընթացքում պատասխանել էր Մամեդովի մեղադրանքին՝ պնդելով, թե պայմանավորվածություններ չի խախտել, ավելին, կփորձի այդ հարցը պարզել Ադրբեջանի նախագահի հետ հաջորդ հանդիպման ընթացքում:

ՀՀ նախագահը նաև ասել էր, որ հնարավոր չէ բանակցել և կրակել զուգահեռաբար, թեև, նրա խոսքով, հայկական կողմը երկու սցենարին էլ պատրաստ է:

Այս ամենին զուգահեռ՝ սրվել է իրավիճակը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքեր շփման գծում: Նշենք, որ չնայած Ժնևյան բանակցություններին հոկտեմբերի 19-ին Արցախի շփման գծում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող էր զոհվել, ապա հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և ՍՊԱՅԿ տիպի մեկ հակատանկային հրթիռ: Հոկտեմբերի 23-ին ևս արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով ՍՊԱՅԿ տիպի կառավարվող հակատանկային հրթիռ: Իրավիճակը շփման գծում շարունակում է լարված մնալ:

Ի դեպ, հոկտեմբերի 26-ին ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն անդրադարձել է բանակցային գործընթացում տիրող իրավիճակին՝ ասելով. «Բանակցությանը խանգարում է Ադրբեջանը, այնպես չէ, որ հայկական կողմը խուսափել է բանակցությունից։ Ճիշտ հակառակը` երկու հայկական կողմերը միշտ հակված են բանակցությունների։ Բայց եթե քո հակառակորդը քեզ պարտադրում է` կամ ամեն ինչ՝ ինչպես ես եմ ուզում, կամ պատերազմ, ապա տեղի տալ չի կարելի»:

Նրա խոսքով` բանակցությունների համար անհրաժեշտ է համապատասխան հիմք, իսկ դա կողմերի միջև վստահությունն է։

«Այդ վստահությունը ձեռք բերելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կատարի իր միջազգային պարտավորությունը։ Ես նորից եմ կրկնում` այն, ինչ կապված է հետաքննության մեխանիզմի հետ, դա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է։ Դեռևս 1995 թվականին ստորագրվել է եռակողմ համաձայնագիր Արցախի և Հայաստանի հետ՝ առ այն, որ պետք է կրակի դադարեցման ռեժիմը պահպանվի, մասնավորապես՝ ներդնելով հետաքննության մեխանիզմները»,- նշել է Քոչարյանը։

Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում ղարաբաղաադրբեջանական շփման գծում, կարծես թե բնական է, քանի որ բանակցային գործընթացը և դրա շուրջը տիրող իրավիճակը շատ է խճճվել: Օգտվելով դրանից, ըստ Տարասովի, ադրբեջանցի պաշտոնյաները հրապարակային սադրանքների են դիմում, որոնց թիրախն ադրբեջանական հասարակությունն է:

Ռուս վերլուծաբանի խոսքով, դատելով պաշտոնական հայտարարություններից՝ երևում է, որ նախագահներն ինչ-որ բան քննարկել են, բայց թե ինչ, դժվար է ասել:

«Շատ են հակասությունները կողմերի հայտարարություններում, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր կողմն իր դիրքորոշումն է առաջ տանում, և կոնսենսուս բացարձակ գոյություն չունի, եթե ՀՀ նախագահը խոսում է հակամարտության բարդ լուծման մասին:

Սա նշանակում է, որ բանակցային գործընթացը բավականին բարդ փուլում է, նույնիսկ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների համաձայնությունները դուրս եկան օրակարգից, թեև, ինչպես երևում է, հայկական կողմը շարունակում է պնդել դրանց անհրաժեշտությունը, ինչը ես ողջունում եմ: Առանց դրանց՝ բուն բանակցությունները չեն կարող տեղի ունենալ:

Ինչպես երևում է, ադրբեջանական կողմը ցանկանում է բանակցային գործընթացն այլ լույսի ներքո ներկայացնել իր հասարակությանը, հենց այդ պատճառով Ադրբեջանին հունից հանեց Սարգսյանի ձևակերպումը՝ «Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում», ադրբեջանական կողմը փորձում է Ադրբեջանի դիրքերը բանակցություններում հաղթական ներկայացնել, քանի որ վերջին տարիներին ատելությամբ է սնել սեփական ժողովրդին, ինչն այսօր ստիպված է լինելու բավարարել, սակայն մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը պետք է զիջումների գնա Ղարաբաղյան բանակցություններում, որը ցանկանում է հասարակությանն այլ կերպ ներկայացնել»,- մեկնաբանեց Տարասովը:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Նովրուզ Մամեդովը ՀՀ նախագահին մեղադրում է՝ բանակցությունների բովանդակությունը հրապարակելու, և ոչ՝ խեղաթյուրելու մեջ: Սա, նրա կարծիքով, նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունը բանակցությունների ընթացքում համաձայն է եղել Սարգսյանի նշած «Ղարաբաղը ոչ Ադրբեջանի կազմում» կարգավիճակին ինչ-որ շրջանների դիմաց, այնինչ Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ պնդել են, որ այլ տարբերակ, քան «Ղարաբաղն Ադրբեջանի կազմում», գոյություն ունենալ չի կարող, և Ադրբեջանը նույնիսկ պատրաստ է ուժով ստանալ Ղարաբաղը:

«Սարգսյանն Ադրբեջանին տհաճ անակնկալ մատուցեց: Սա նշանակում է, որ ինչ-որ հարցեր քննարկվել են, բայց կոնկրետ ուղղություն բանակցային գործընթացը չունի, քանի որ դրա համար, և դա բոլոր կողմերն են հասկանում, անվտանգության միջոցառումներ են անհրաժեշտ»,- ասաց Տարասովը:

Նրա կարծիքով՝ միջնորդներն ավելի զգոն պետք է լինեն, քանի որ նման իրավիճակները բանակցություններում կարող են բացասաբար անդրադառնալ շփման գծում տիրող իրավիճակի վրա, որի նշանները ներկայումս նկատվում են:

Տեսանյութեր

Լրահոս