«Ապրիլյան պատերազմը լուրջ ազդեցություն է թողել նաև միջնորդների մոտեցումների վրա». Շավարշ Քոչարյան
«Հայտարարվել էր այն մասին, որ լարվածությունը պետք է նվազի, սակայն կատարվում է ճիշտ հակառակը, և դա արդեն օրինաչափություն է դարձել»: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
«Վիեննայում մի բան են պայմանավորվում, այն քայլերը, որոնք անում է Ադրբեջանը, ուղղված են դրանք խոչընդոտելուն: Նույնը՝ Սանկտ Պետերբուրգում: Այսինքն՝ որևէ նորություն չկա այդ տեսակետից: Ցավալի է, բայց խնդիրը կայանում է նրանում, որ Ադրբեջանն իր անհեռատես քայլերով ինքն իրեն մղել է դեպի փակուղի, և այն անկանոն քայլերը, գործողությունները, որոնք հիմա անում է, ըստ էության, նույնիսկ փակում են իր ելքն այդ փակուղուց: Հիմքում մի բան է. ի՞նչն է վրդովեցրել Ադրբեջանին` այն, որ հայտարարվել է շատ պարզ բան, որ հարցի ցանկացած կարգավորում ենթադրում է, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Դրա շուրջ Ադրբեջանում վայնասուն է սկսվել, սակայն, երբ Բաքուն հարցականի տակ է դնում Լեռնային Ղարաբաղի, Արցախի Հանրապետության անկախությունը, ձևացնում է, որ մոռացել է, որ նույն հիմքով անկախացել են թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, թե՛ Ադրբեջանը: Դա եղել է դեռևս Սովետական Միության օրոք՝ համաձայն Սովետական Միության Սահմանադրության և օրենքի, և Խորհրդային Միության փլուզումով երկուսն էլ իրավահավասար են: Ավելին ասեմ՝ նույնիսկ Արցախում անկախության մասին հանրաքվեն ավելի շուտ է անցկացվել, քան Ադրբեջանում:
Այնպես որ, նորից եմ կրկնում՝ իր անհեռանկար քայլերով, կամ, տվյալ պարագայում՝ հայտարարություններով՝ ինքն իր անկախությունն է հարցականի տակ դնում: Եթե իր համար այդքան սուրբ է տարածքային ամբողջականությունը, ապա ո՞ւր է անկախացել»:
Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ «կա՛մ բանակցում ենք, կա՛մ կրակում», Շավարշ Քոչարյանն ասաց, որ բանակցություններին խանգարողն Ադրբեջանն է, այնպես չէ, որ հայկական կողմերը խուսափել են բանակցություններից. ճիշտ հակառակը: «Երկու հայկական կողմն էլ միշտ հակված են բանակցությունների, բայց եթե քո հակառակորդը քեզ պարտադրում է, ասում՝ կա´մ ամեն ինչ, ինչպես ես եմ ուզում, կա´մ պատերազմ, ապա բնական է՝ տեղի տալ չի կարելի»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ բանակցությունների հեռանկարի հետ կապված՝ շատ հստակ խոսել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ բանակցությունների առաջընթացի համար անհրաժեշտ է համապատասխան հիմք. «Հիմքը կողմերի միջև վստահությունն է: Այդ վստահությունն էլ ձեռք բերելու համար ահրաժեշտ է, որ Ադրբեջանը կատարի իր միջազգային պարտավորությունը: Ես նորից եմ կրկնում՝ այն, ինչ կապված է հետաքննության մեխանիզմի հետ, Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է: Նա դեռևս 1995թ. ստորագրել է եռակողմ համաձայնագիր Արցախի Հանրապետության և Հայաստանի հետ առ այն, որ պետք է ռազմական գործողությունների դադարեցման և կրակի դադարեցման ռեժիմն ամրապնդվի՝ մասնավորապես հենց ներդնելով այդ հետաքննության մեխանիզմը»:
Նրա խոսքով՝ անզեն աչքով երևում է՝ եթե անհրաժեշտ է առաջընթաց բանակցային գործընթացում, պետք է առնվազն պահպանվի կրակի դադարեցման ռեժիմը:
Հարցին՝ արդյոք բանակցությունների ընթացքում քննարկվո՞ւմ է ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի 800 հա տարածքների հարցը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց.
«Ես նյուանսները չգիտեմ, որովհետև ինքս չեմ մասնակցում բանակցություններին, բայց, որ ապրիլյան պատերազմը լուրջ ազդեցություն է թողել նաև միջնորդների մոտեցումների վրա, երևում է, երևում է նաև իրենց մոտեցումներով և հայտարարություններով»։