Եվրահանձնաժողովն առաջարկել է ևս 50 հազար փախստականների տեղաբաշխելու նոր սխեմա
Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջարկել է երկու տարվա ընթացքում Եվրամիության երկրներում եւս 50 հազար մարդու տեղաբաշխելու նոր սխեմա: Այդ մասին հայտնել է ԵՀ-ի մամուլի ծառայությունը։
«Մենք առաջարկում ենք երկու տարվա ընթացքում գոնե 50 հազար փախստականների տեղաբաշխման նոր սխեմա: Այն կգործի մինչեւ 2019 թվականի հոկտեմբերը»:-ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ: Ինչ վերաբերում է հին սխեմային, որին համապատասխան ԵՄ-ի անդամ երկրները պետք է տարաբնակեցնեին 160 հազար միգրանտների, ապա հանրակցությունը մտադիր է մինչեւ տարեվերջ դրա շրջանակներում բաշխել ընդամենը շուրջ 8 հազար մարդու:
«Ներկայում անհետաձգելի գերակայությունը մնացած բոլոր այն անձանց արագ տարաբնակեցումն ապահովելն է, որոնք Հունաստան եւ Իտալիա են ժամանել մինչեւ սեպտեմբերի 26-ը: Ընդհանուր առմամբ սպասվում է, որ այդ ծրագրի շրջանակներում կտարաբնակեցվի մոտավորապես 37 հազար մարդ»,-պարզաբանվում է փաստաթղթում:
2015 թվականի սեպտեմբերին Եվրամիությունը միգրացիոն ճգնաժամի բարձրակետին ընդունեց Իտալիայից եւ Հունաստանից 160 հազար անօրինական միգրանտների տարաբնակեցման երկամյա ծրագիր՝ ըստ ԵՄ-ի մնացած երկրների միջեւ քվոտաների սկզբունքի: Սեպտեմբերի 26-ին այդ ծրագրի գործողությունը պաշտոնապես ավարտվեց: Այսօրվա դրությամբ Բրյուսելին հաջողվել է տարաբնակեցնել ընդամենը 29 հազար միգրանտների, ինչը այն փախստականների ընդհանուր թվի 20 տոկոսից պակասն է, որոնց տարաբնակեցումը նախատեսված էր քվոտաների ծրագրով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: