Հայաստանի քրիստոնեական ժառանգությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջիկների համար. Լիբանանի զբոսաշրջության նախարար
Հայաստան են ձգտում գալ ոչ միայն լիբանանահայերը, այլ նաև արաբ քրիստոնյաները: Սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը:
Ըստ Կիտանյանի՝ արաբ քրիստոնյաների համար առանձնահատուկ հետաքրրքրություն է ներկայացնում Հայաստանի քրիստոնեական ժառանգությունը:
Կիտանյանը նշեց, որ պետք է աշխատել Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ:
«Արտասահմանյան երկրներում, մասնավորապես արաբական երկրներում քիչ են տեղեկացված Հայաստանում ինչպիսի բժշկական կենտրոններ կան և ինչ կարող են առաջարկել: Այս հարցում աշխատանքի կարիք կա, որովհետեւ որակյալ բժշկությունը բոլոր արաբական երկրներում չէ, որ հասանելի է: Հայաստանում գնի և որակի հարաբերակցությունը կարող է նրանց բավականին գրավել»,- նշեց Կիտանյանը: