Բաժիններ՝

«Ծուղակ աշխատատեղեր». ինչպե՞ս վարվել, երբ ոտնահարվում են ձեր իրավունքները

Ազգային վիճակագրական ծառայության  տվյալների համաձայն՝ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է 29.8%: 2016 թվականի տվյալները դեռևս հրապարակված չեն:Աղքատության մակարդակն ուղիղ համեմատական է գործազրկության մակարդակին:

ԱՎԾ-ի ցուցանիշները փաստում են նաև, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ նկատվում է գործազրկության աճ:

Եթե 2016 թվականի 1-ին եռամսյակում գործազրկությունը կազմել է 18.3%, ապա 2017 թվականի 1-ին եռամսյակի տվյալների համաձայն՝ այն կազմել է 19%: Այսինքն՝ այս տարի 8091 մարդ համալրել է գործազուրկների շարքը:

Այս ամենին զուգահեռ՝ գոյություն ունի նաև զբաղվածության ոչ ֆորմալ մակարդակ, երբ գործազուրկները, չգտնելով աշխատանք, ստիպված են լինում ընտրել ոչ ֆորմալ աշխատանքը: Այս դեպքում  էլ հաճախակի ոտնահարվում են քաղաքացիների աշխատանքային իրավունքները, երբ աշխատողները ստանում են ցածր աշխատավարձ կամ այն ստանում են ոչ ժամանակին, չեն օգտվում սոցիալական պաշտպանվածությունից, և այլն:

Կարդացեք նաև

Վերջերս սոցցանցերում հաճախ կարող ենք հանդիպել «#գործ չկա» հեշթեգը, որի միջոցով գործատուներն աշխատանք են առաջարկում՝ նշելով, որ իրականում աշխատատեղեր կան, պարզապես մարդկանց մեծամասնության մոտ աշխատելու ցանկություն չկա: Հայաստանում իրո՛ք աշխատանք կա, բայց, երբեմն աշխատանքի որոնողական կայքերում կարելի է հանդիպել բարձր աշխատավարձ խոստացող, բայց փոխարենը՝ շատ ցածր մասնագիտական հմտություններ պահանջող գործատուների: Օրինակ.  հրավիրում ենք աշխատանքի 18-33 տարեկան տղաների և աղջիկների՝ խելացի, նպատակասլաց, աշխատասեր: Բարձրագույն կրթությունը ցանկալի է, լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն, և այլն: Նմանատիպ հայտարարությունները բազմաթիվ են:

22-ամյա Աննա Կարապետյանը վերջերս է բուհն ավարտել և հանդիսանում է ակտիվ աշխատանք փնտրող: Նա նմանատիպ հայտարարություններն անվանում է «ծուղակ աշխատատեղեր»։ Ասում է՝ այնքան է նմանատիպ հաստիքների  համար դիմել, որ կարդալով անհրաժեշտ պահանջները՝ արդեն միանգամից կարող է եզրակացնել՝ առաջարկվող  աշխատանքն իրակա՞ն է, թե՞ ոչ:

«Արդեն 2-րդ անգամն է, որ վճարում եմ՝ ուսուցում անցնելու, այնուհետև աշխատանքի տեղավորվելու համար, բայց այդպես էլ աշխատաքի չեմ ընդունվում: Համացանցից տեղեկացել էի վաճառքի  մենեջերի թափուր հաստիքի մասին ու դիմել: Ինձ կանչեցին իրենց գրասենյակ, այնտեղ ասացին, որ 20 տարվա փորձ ունեցող հայ-ֆրանսիական կազմակերպություն են և զբաղվում են բնական նյութերից պատրաստված կոսմետիկայի վաճառքով, բայց մինչև աշխատանքի անցնելը պետք է ուսուցման փուլ անցնեմ, որը վճարովի է: Ուսուցման նպատակը մարքետինգային հմտություններին տիրապետելն է, որպեսզի կարողանամ վաճառել իրենց ապրանքը:

Ես էլ մտածեցի՝ գնամ, եթե աշխատանքն էլ չհավանեմ, գոնե մարքետինգի վերաբերյալ գիտելիքներ կունենամ: Սկսեցի հաճախել դասերին, բայց առանձնապես մարքետինգի վերաբերյալ ոչինչ չսովորեցի, դասավանդողն ավելի շատ իր կյանքի ու հաջողությունների մասին էր պատմում, իսկ ուսման պրոցեսի վերջը չէր երևում: Երբ հարցրեցի, թե երբ պետք է վերջապես աշխատանքի անցնեմ, ասացին, որ վերջում դասընթացի մասնակիցներից մի քանիսին են ընտրելու, ես էլ դադարեցի հաճախել»:

Նշենք, որ նախկինում գործում էր «Աշխատանքի պետական տեսչությունը», որը զբաղվում էր գործատու-աշխատող փոխհարաբերությունների  կարգավորմամբ, ինչպես նաև հսկողություն էր իրականացնում աշխատատեղերում աշխատանքի անվտանգության, պայմանների, աշխատողների իրավունքների պաշտպանության և այլ հարցերով: Սակայն 2013 թվականին կառավարության որոշմամբ այս կառույցը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղափոխվեց Առողջապահության նախարարություն՝ ձևավորելով «Առողջապահության պետական տեսչությունը», ինչը, ի տարբերություն նախկինի, չնչին մասով է մասնակցում աշխատանքային հարաբերություններում օրինականության հսկողության գործընթացին:

Հասկանալու համար, թե քաղաքացին գործատուի հետ խնդիրներ ունենալու դեպքում ո՞ր կառույցին կարող է դիմել՝ զրուցեցինք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) աշխատանքի և աշխատանքի վարձատրության քաղաքականության բաժնի պետ Արմինե Մաթոսյանի հետ:

«Սկսենք նրանից, որ աշխատանքային հարաբերությունները սկսվում են գործատուի և աշխատողի միջև աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով. որպեսզի լինեն աշխատանքային հարաբերություններ, անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը, ընդ որում՝ այդ երկուսի համար էլ պարտադիր պայմաններն Աշխատանքային օրենսգրքով սահմանված են: Նշեմ նաև, որ նոր աշխատանքի ընդունվողի և աշակերտի համար ևս պարտադիր է, որ լինի պայմանագիր, բացի այդ, Աշխատանքային օրենսգրքի 201 հոդվածով սահմանված է, որ աշակերտին գործատուն պարտավոր է վճարել նվազագույն աշխատավարձի չափով կրթաթոշակ:

Երբ սկսնակը գնում է սովորելու, նաև աշխատանքային գործառույթներ է կատարում, եթե լինի պարզապես ուսուցում, ապա դա կլինի ուղղակի դասընթաց: Ինչ վերաբերում է վերահսկողություն իրականացնելուն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերահսկողական գործառույթ չունի: Աշխատանքի պետական տեսչությունն է իրականացնում  վերահսկողություն՝ աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների, իսկ աշխատարձերի հետ կապված հարցերը ստուգվում են Հարկային տեսչության կողմից: Գործատուի հետ խնդիրներ առաջանալու դեպքում քաղաքացին կարող է դիմել դատարան, բայց այս դեպքում պայմանագրի առկայությունը պարտադիր է, որպեսզի քաղաքացին կարողանա ապացուցել, որ եղել են աշխատանքային հարաբերություններ»:

Շուշան Ստեփանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս