Բաժիններ՝

Ֆրանկֆուրտում վնասազերծել են Երկրորդ աշխարհամարտի հզոր մի ռումբ

Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում հայտնաբերվել էր հզոր մի ռումբ, որը Երկրորդ աշխարհամարտի տարիներին բրիտանական օդուժը նետել էր գերմանական քաղաքի վրա: Մասնագետներին հաջողվեց վնասազերծել այն: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Ամեն ինչ լավ անցավ, առանց խնդրի: Առավոտյան ժամը 6:30-ից այստեղ էինք, պատկերացնում եք որքան լարված էինք: Սակայն, երբ սկսում ես աշխատել, սառնասիրտ ես մոտենում, ու ինչպես տեսնում եք, ամեն ինչ նորմալ է»,- ասում է ռումբերի վնասազերծման մասնագետ Դիթեր Շվեթցլերը:

Երկրորդ աշխարհամարտի օրերի բրիտանական ռումբերը դժվար են վնասազերծվում:

«Մենք սկզբից հանեցինք պայթուցիկը, այնուհետև՝ դետոնատորները: Այնքան էլ հեշտ չէր հանել դետոնատորները, քանի որ ռումբը կարող էր պայթել, եթե որևէ քիմիական գործընթաց ընթանար»,- ասում է մեկ այլ մասնագետ Ռենե Բեներթը:

1,4 տոնա քաշ ունեցող այս ռումբը հայտնաբերվել էր անցած շաբաթ շինարարական աշխատանքների ընթացքում:

Վնասազերծման աշխատանքներում ներգրավված են եղել անգամ ուղղաթիռներ: Ոստիկանությունը 1,5 կիլոմետր շառավղով փակել էր ճանապարհը՝ իրականացնելով Երկրորդ աշխարհամարտից ի վեր մարդկանց ամենամեծ տարհանումը:

Տարհանված մարդկանց շարքում էին մոտակա երկու հիվանդանոցների շուրջ 100 հիվանդներ: Փորձագետները զգուշացնում էին, որ ռումբի պայթյունի պարագայում լուրջ վնաս կհասցվեր քաղաքի արևմտյան հատվածին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս