Սևանա լճի ավազանում բազմաթիվ ստորջրյա աղբյուրներ են հայտնաբերվել
Բազմաթիվ աղբյուրներ են հայտնաբերվել Սևանա լճի բուն ավազանում: Աղբյուրների հետ դուրս են գալիս նաև գազեր: Լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավի արդյունքում հայտնաբերվել են նաև այնպիսի կենդանիների մնացորդներ, որոնք ապրել են այլ լանդշաֆտային պայմաններում: Այսօր ասուլիսում այս մասին հայտնեցին գիտահետազոտական արշավն իրականացնողները:
«Հայաստանն այնպիսի երկրաբանական միջավայրում է, որտեղ ունենք շատ ակտիվ խզվածքների ցանց: Այդ խզվածքներն առկա են նաև Սևանի ավազանում, որոնք հետաքրքրում էին երկրաբաններին: Մեր կենտրոնի առջև խնդիր դրվեց՝ ուսումնասիրել ստորջրյա աղբյուրները, քանի որ հայտնի է, որ խզվածքների երկայնքով կարող են աղբյուրներ դուրս գալ: Եվ գիտնականների կողմից ենթադրվող տեղանքներում իսկապես հայտնաբերվեցին բազմաթիվ աղբյուրներ: Մոտ 30 տեղանքում տասնյակ աղբյուրներ էին դուրս գալիս: Դրանք ունեն գազային էմանացիա՝ պղպջակների տեսքով»,-ասաց Արա Ավագյանը:
Նրա խոսքով՝ կատարած քարտեզագրման արդյունքում պարզվեց, որ աղբյուրները գծայնորեն են տեղադրված: Գծային տարածումը կապված է երկրաբանական խզվածքի հետ: «Սակայն խզվածքներից վախենալ պետք չէ, դրանք բավականին տարածված են Հայաստանում: Մեզ հաջողվել է երկրաբաններին օգնել՝ հասկանալու կոնկրետ մեկ խզվածքի տեղադրվածությունը Սևանի արևմտյան ափին»,-ասաց Ավագյանը:
Տեխնիկական մասի պատասխանատու Վահե Մելքոնյանի խոսքով՝ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են նաև շատ վաղ ժամանակների գտածոներ՝ հին փայտե նավ, ցանց, կենդանիների ոսկորներ, այդ թվում նաև ուղտի գանգ , բեզոարյան այծի ոսկորներ, որոնք տրվել են հնէաբաններին: Հետաքրքրիր էր հատկապես գտնված նավակը, քանի որ կառուցված էր մետաղյա սեպերով բավականին հին ժամանակներում:
«Շատ քիչ բան է հայտնի Սևանում օգտագործված նավերի տեսակների մասին , այս առումով գտածոն էական նշանակություն ունի: Եվ մենք փորձում ենք գտնել մասնագետներ, որոնք կուսումնասիրեն այն ու կկոնսերվացնեն՝ փրկելու համար հետագա քայքայումից: Գտնվում են այնպիսի կենդանիների մնացորդներ, որոնք ապրել են այլ լանդշաֆտային պայմաններում: Դա օգնում է հնէաբաններին վերականգնել պալիոմիջավայրը»,-եզրափակեց Արա Ավագյանը: