Բաժիններ՝

Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս երկու պատգամավորի կալանավորելու որոշում է ընդունվել

Թուրքական Բաթմանի գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երկու պատգամավորի՝ Այշե Աջար Բաշարանին և Սաադեթ Բեջերիքլիին կալանավորելու մասին որոշում է ընդունվել: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Պատգամավորներին կալանավորելու մասին որոշում է ընդունվել այն բանից հետո, ինչ նրանք հրաժարվել են ներկայանալ իրենց դեմ գործով դատական նիստին:

Այշե Աջար Բաշարանը և Սաադեթ Բեջերիքլին մեղադրվում են «հանցախմբի քարոզչություն» անելու մեջ:

2016 թվականի նոյեմբերից կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:

Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս