ԵՊՀ իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում նորից անվճար տեղեր կան. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ի տարբերություն նախորդ մի քանի տարիների, Երևանի պետական համալսարանի իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում նոր ուսումնական տարվա համար հատկացվել են պետպատվերով տեղեր, յուրաքանչյուրում՝ երկուսը:
Իսկ ժամանակին նշված մասնագիտությունների համար անվճար ուսուցման համակարգում տեղեր չհատկացվելը կրթության գերատեսչությունը պատճառաբանում էր այն հանգամանքով, որ երկիրը չունի այդպիսի կարիք, նույնիսկ այդ մասնագետների ավելցուկ կա, հետևաբար արդարացված չէ, որ բյուջեից գումար տրամադրվի՝ լրացուցիչ կադրեր պատրաստելու համար:
Կրթության և գիտության նախարարության բարձրագույն կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, մեր զրույցում մեկնաբանելով կատարված փոփոխությունը, ասաց, որ այդպես ավելի նպատակահարմար է, քննարկվել է և որոշվել ԵՊՀ իրավագիտություն և միջազգային հարաբերություններ մասնագիտությունների համար հատկացնել երկուական տեղ: Ի դեպ, նախկինում, երբ անվճար տեղերն այստեղ վերացվեցին, շատերը դա քննադատում էին, համարելով, որ ոտնահարվում են ուսանողների իրավունքները: «Եթե խոսում ենք կրթության իրավունքի մասին, դա ապահովված էր, որովհետև այլ բուհերում այդ մասնագիտությունների համար անվճար տեղեր կային, և դիմորդները կարող էին նախընտրել այդ բուհերը: Այսինքն՝ և՛ իրավունքի մասն է ապահովվում, և՛ ինչու չէ, հնարավորությունների»,- ասաց վարչության պետը:
Նա նկատեց, որ բուհերի տեղերը պարբերաբար վերանայվում են և հաջորդ տարիներին նույնպես հնարավոր են որոշակի տեղաշարժեր»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։