«Պատահական երկրներից վարունգի մարինադ ներկրելու փոխարեն՝ թող Հայաստանում այն արտադրեն». Հրաչ Բերբերյանը հակադարձում է գյուղնախարարին
«Վարունգի պահանջարկը կա, ուղղակի վերամշակող թևի թերությունն է, որ բավականին մարինադ կարող էինք պատրաստել տեղական վարունգից, այլ ոչ թե պատահական երկրների արտադրած մարինադը ներկրել։ Նախարարությունը պետք է այդ ուղղությամբ մտածեր»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Արևիկ գյուղի տնտեսվարողները, չկարողանալով իրացնել իրենց վարունգը, այն լցրել են աղբանոցը: Այս ամենի վերաբերյալ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասել է, թե գյուղացիները շատ են արտադրել, որակը վատն է եղել, բայց կա լավ որակով վարունգ, որն իրացվում է։
«Մենք՝ որպես նախարարություն, պետք է ուղղակի ուղղորդենք գյուղացիներին՝ ինչով զբաղվել, իսկ դա շատ դժվար է, որովհետև այդ գյուղացիական տնտեսություններն այսօր գրանցված չեն, և իրենք ուղղակի նայում են, թե հարևանն ինչ է անում, ինչ հաջողություն ունեցավ, և կրկնում են»,- ասել է նախարարը։
Հրաչ Բերբերյանն ընդգծում է՝ եթե վարունգից մարինադ պատրաստեին, դա նոր ներդրումներ, հավելյալ ծախսեր չէր պահանջելու. «Մենք այդ հզորություններն ունենք, պետք չէր նոր հոսքագծեր ձեռք բերել։ Ուղղակի հարկավոր էր ամեն ինչ ճիշտ կազմակերպել։ Իսկ որակի խնդիր այստեղ չկա. գյուղատնտեսության մեջ կարող է 10-15%-ը որակին չհամապատասխանել, այն էլ՝ եթե թարմ վաճառում ես։ Իսկ վերամշակման համար ունենք լրիվ ուրիշ մոտեցումներ, որը պահածոյագործները շատ լավ գիտեն։ Ուղղակի հարկավոր էր գործի գլխին կանգնել, կանխատեսել այս վիճակը»։
Ագրարագյուղացիական միավորման նախագահը նշեց, որ խաղողի գումարների հետ կապված խնդիրներն էլ կարելի էր վարունգի ճիշտ մթերումով լուծել. «Կարող էին գործարաններն այդ վարունգը կազմակերպված գյուղերից հավաքել, մարինադի վաճառքի գումարից այդ պարտքերը վճարեին։ Ոչ թե դրսից պատահական մարինադներ բերեին։ Տեսեք, օրինակ՝ մեկ ամիս առաջ «Արտֆուդի» մարինադը խանութներից վերացավ, որովհետև մարդիկ որակով մարինադ էին արտադրում, ու, թեև արտասահմաններն էլ կային, բայց մարդիկ նախընտրում էին տեղականը, ու պահանջարկը մեծ էր։ Կարող էինք այդ մարինադը նաև ՌԴ արտահանել»։
Բերբերյանի խոսքով՝ նախարարությունը ոչ թե պետք է գյուղացուն մեղադրի, այլ հոգա նրա հոգսերը. «Վարունգի արտադրությունը մասսայական բնույթ չի կրում, և այդ խնդիրը պետք էր լուծել։ Այնպես որ, գյուղատնտեսությունը թան չէ, ամեն մարդու բան չէ»։